Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոնավությունից առաջացած սունկի եմ նման. Արմենակ Մնջոյան (տեսանյութ)

Հասարակություն
76b9f6c51a50c4c6e4ce0fdc308ec417

Մահից մի քանի օր առաջ Արմենակ Մնջոյանը հեռախոսազրույց է ունեցել«Ա1+»-ի լրագրողի հետ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում օրերս մահկանացուն կնքեց «Դրո»-ի գործով ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը: Նա բանտարկության տարիներին երբեք չհանձնվեց, միչև վերջ պայքարում էր՝ «արդարադատության ոլորտի աննախադեպ աղետ» որակելով այն միջավայրը, որում ինքը դատապարտվել էր և կրում էր պատիժը արդեն ավելի քան 20 տարի: Դեռ 2011 թվականին «Ա1+»-ին տված հարցազրույցում Արմենակ Մնջոյանը երկրում փոփոխությունների անհրաժեշտության մասին հարցին տվել էր հետևյալ շատ արդիական ապատասխանը. «Ցանկացած իշխանություն ի զորու չէ արձանագրելու զարգացման որեւէ առաջընթաց,  հատկապես երբ պայքարը տեղի է ունենում «նախկիններ»-ի եւ «ներկաներ»-ի միջեւ: Քաղաքակրթությունների պատմության մեջ դեռ որեւէ առաջընթաց չի զարգացել միայն էվոլյուցիոն ճանապարհով, այն համադրվել է հեղափոխական ակտիվ զարգացումներով եւ այն պահից, երբ հասարակությունների մեջ անշարժությունը դարձել է կանոն: Եվ երբ քաղաքական  փոփոխությունների միջոցով ձեռք բերվող նոր որակի արժեքը այլեւս կդառնա հասարակության կողմից գիտակցված պահանջ, այդ պահից էլ սկիզբ կառնի իրական հեղափոխությունը, որի առանձնահատկության եզրույթը սահմանվում է որակական փոփոխությունների արդեն կաղապարված գաղափարախոսությանց՝ համակարգային, արմատական, կառուցվածքային, քաղաքական, աշխարհայացքի ու այլ ոլորտների: Այն հատկանշվում է իբրեւ անշարժությունը խախտող փոփոխությունների միակ բարերար միջոց: Այս ճանապարհով է, որ Հայաստանը պիտի կերտի իր ապագան»: Մնջոյանն իր քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումների մասին արտահայտվելու ձև և միջոց միշտ գտնում էր: Նա մտահոգվում էր Արցախի մասին, կարծիք հայտնում հայ-թուրքական արձանագրությունների, իր կուսակցության՝ ՀՅԴ-ի վարած քաղաքականության մասին: Նա նախորդ իշխանության ժամանակ բաց նամակով դիմեց երեք նախագահներին՝ մեկին մեղադրելով իրեն անարդարացիորեն  մահապատժի դատապարտելու, մյուսին՝ մահապատժի փոխարեն դանդաղ մահվան ուղարկելու, իսկ երրորդին խնդրելով, որ հիշի նրանց, ովքեր քրիստորեական ավանդույթներ ունեցող երկրում ցմահ բանտախցերում են: Սակայն ներման չարժանացավ նաև այսօր՝ նոր իշխանությունների կողմից: Եվ արդեն հույս չուներ, ու վերջում չէր էլ ձգտում ազատության: Մահից մի քանի օր առաջ «Ա1+»-ի լրագրողի հետ զրույցում Արմենակ Մնջոյանը մտահոգություն էր հայտնել առնվազն իր շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին: «Այստեղ վերածվել եմ խոնավությունից առաջացած սնկի։ Սակայն իմ վիճակը գերադասելի է հին ու նոր իշխանությանց վիճակից, որը մեկը մյուսից ոչնչով չեն տարբերվում։ Ես գոնե ապրող օրգանիզմ եմ... Ես ինձ գերազանց եմ զգում, քանի որ դեռ այստեղ եմ և հեռու կեղծ հայրենասիրական միջավայրից։ Եթե ազատություն ձեռք բերեի և ընդդիմանայի ինձ ազատություն տվողներին, հասարակության աչքին կերևայի որպես անշնորհակալ քրդի շուն. իսկ եթե աջակցեի, ապա այդ նույն հասարակությունը ինձ կմեղադրեր որպես իշխանամետ կամ սեփական շահերով առաջնորդվող։ Եւ չի գտնվի մի շերտ, որ քեզ ընդունի այնպես, ինչպես որ կաս, որ ազատությունը այն ընձեռված հնարավորությունն է, որը պիտի ապահովի քո ազատ ընթացքը տարբեր ոլորտներում առանց կաշկանդվածության ու կախվածության։ Այս խնդիրը ինձ համար անլուծելի է»։ Այս տողերը Արմենակ Մնջոյանը գրել է մահից ընդամենը օրեր առաջ: Իսկ մահվան նախորդ օրը՝ նաև տեսաուղերձ հղել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: