Եվրոպայի մի շարք քաղաքներում Հելոուինի գիշերը բողոքի ցույցերն ուղեկցվել են բախումներով և թալանով
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 31-ին Եվրոպայի մի շարք քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերի ավարտին անկարգություններ և ոստիկանության հետ բախումներ են արձանագրվել։
Անկարգություններ են գրանցվել նաև Շվեյցարիայում։ Ցյուրիխում հարյուրավոր մարդիկ են հավաքվել Լանգշտրասեի և Հելվետիա հրապարակի շրջանում։ Ցուցարարները բարիկադներ են կառուցել, հրկիզել աղբամաններ և այլ առարկաներ, վնասել խանութների ու կանգառի ապակիները։ Ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ։ Բախումներ են եղել նաև Բազելում
Գերմանիայում տասնյակ հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով բարելավել կրթության պայմանները, նվազեցնել կյանքի ծախսերը և դեմ արտահայտվել պարտադիր զինվորական ծառայությանը։ Ֆրանկֆուրտում ցույցերի ընթացքում անկարգություններ են սկսվել․ թալանվել են առնվազն երկու խանութ, վնասվել են առևտրային օբյեկտներ, իսկ ոստիկանության հաղորդմամբ՝ իրավապահների ուղղությամբ հրկիզվող խառնուրդներ են նետվել։ Համբուրգում հրկիզվել են բարիկադներ։
Ֆրանսիայում նույն օրը շուրջ 320 հազար մարդ մասնակցել է կյանքի թանկացման և հանրային ծառայությունների վիճակի դեմ բողոքի ցույցերին։ Թեև ակցիաների մեծ մասն անցել է խաղաղ, Փարիզում, Մարսելում, Լիոնում և այլ քաղաքներում դրանց ավարտին բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և հատուկ միջոցներ, իսկ երկրի տարբեր հատվածներում ձերբակալվել է 565 մարդ։
Ֆրանսիայում ցույցերն անցկացվել են արդեն երրորդ շաբաթ անընդմեջ։ Դրանց մասնակիցների պահանջները վերաբերում են կյանքի թանկացմանը, սոցիալական անհավասարությանը և հանրային ծառայությունների վիճակին։