Հայտարարություն «կեղծ» դիտորդական առաքելությունների վերաբերյալ
Ընտրությունների ընթացքում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացվող դիտորդական առաքելության նպատակն ընտրական գործընթացների վերաբերյալ հավաստի տեղեկությունների հավաքագրումն է և դրանց հիման վրա անկախ եզրակացության կազմումը: Չափազանց կարևոր է, որ դիտորդական առաքելությունը լինի չեզոք և անկողմնակալ, զերծ մնա ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության/դաշինքի կամ թեկնածուի օգտին քարոզչություն կամ հակաքարոզչություն կատարելուց և հանրությանը տրամադրի օբյեկտիվ տեղեկություններ ընտրությունների մասին: Ընտրությունների անկողմնակալ և արդյունավետ դիտարկման համար լրջագույն վտանգ են ներկայացնում քաղաքականապես շահագրգիռ կամ, այսպես կոչված, «կեղծ» դիտորդական առաքելությունները, ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային: Որպես կանոն՝ այսպիսի խմբերը չունեն ընտրական գործընթացների դիտարկման մեթոդաբանություն, իսկ դրանց դիտորդների ներկայությունը տեղամասերում մեծ մասամբ կրում է ձևական բնույթ: Առկա են փաստեր, երբ այդ դիտորդները ընտրատեղամասերում ակտիվորեն ուղղորդել են ընտրողներին: Նման առաքելությունները սովորաբար չեն հրապարակում զեկույցներ և փաստական տվյալներ ընտրական գործընթացների և ընտրախախտումների վերաբերյալ, իսկ հայտարարությունները հիմնականում քաղաքական են և սպասարկում են փոխկապակցված քաղաքական ուժերի շահերը: 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դիտարկման նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 2018թ. նոյեմբերի 24-ի տվյալներով դիմում է ներկայացրել 8 կազմակերպություն, որոնցից միայն 4-ը՝ «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ-ն, «Համաչափ զարգացում» համայնքային զարգացման ՀԿ-ն, «Իրավազոր» ՀԿ-ն և «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն նախատեսել են հավատարմագրել ավելի քան 5,000-ական՝ ընդամենը մոտ 21,600 դիտորդ: «Հետք»-ի հետաքննությունը պարզել է, որ բոլոր վերոնշյալ կազմակերպությունները փոխկապակցված են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Մասնավորապես, պարզվել է, որ
- «Համահայկական երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն ղեկավարվել է Ազգային Ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ներկայում՝ ԲՀԿ թեկնածու Վահե Էնֆիաջյանի հետ: «Հետքի» ահազանգի հիման վրա այս ՀԿ-ի հավատարմագրման դիմումը մերժվել է ԿԸՀ կողմից, քանի որ պարզվել է, որ դրա գործունեությունը դադարեցված է եղել դեռևս մեկ տարի առաջ, իսկ ԿԸՀ ներկայացված են եղել կեղծ փաստաթղթեր:
- «Հետք»-ի տվյալներով «Իրավազոր» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր նախագահն է ԲՀԿ-ական մեկ այլ թեկնածու՝ Նոնա Վրեժի Օթարյանը: «Իրավազոր» ՀԿ-ի հայտը 2018թ. նոյեմբերի 26-ի դրությամբ հանվել է ԿԸՀ կայքում առկա դիտորդական կազմակերպությունների ցանկից:
- «Միացյալ առաջնորդների պալատ» ՀԿ ղեկավար Լիաննա Մանուկյանը ՀՀ երիտասարդական խորհրդարանի ԲՀԿ խմբակցության քարտուղարն է: Ինչպես տվյալ ՀԿ-ի, այնպես էլ դրա ղեկավարի ֆեյսբուքյան էջերն ակտիվորեն լուսաբանում են ԲՀԿ գործունեությունը:
- «Համաչափ զարգացում» համայնքային զարգացման ՀԿ ղեկավար Մակար Եղիազարյանն ըստ ֆեյսբուքյան նյութերի ևս կապեր ունի ԲՀԿ-ի հետ, սակայն նրա և կազմակերպության կողմից տվյալ կուսակցության օգտին ակտիվ քարոզչություն չի նկատվել: