«Արարատ-73»-ը կորցրեց իր հերթական լեգենդին՝ Ալյոշա Աբրահամյանին
Երեւանի «Արարատ-73» լեգենդար թիմի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը մահացել է 73 տարեկան հասակում: Այդ մասին տեղեկացնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Ալյոշա Աբրահամյանը ծնվել է 1945 թվականին, Լենինականում: Ֆուտբոլ խաղալ սկսել է տեղի «Շիրակում»: 1966-1978 թվականներին նա Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, անցկացրել 276 խաղ։ Թիմի կազմում դարձել է 1973թ ԽՍՀՄ չեմպիոն, 1971թ և 1976թ (գարուն) առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973, 1975թթ ԽՍՀՄ գավաթակիր։ Մրցելույթներն ավարտելուց հետո Ալյոշա Աբրահամյանն անցել է մարզչական աշխատանքի։ Նա աշխատել է Հայաստանի տարբեր ակումբներում: Վերջին տարիներին մարզում էր Երեւանի «Արարատի» դարպասապահներինչ: Նա տեւական ժամանակ բուժվում էր ծանր հիվանդությունից, որը, ցավոք, անբուժելի դարձավ նրա համար: Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ձեռք բերած փայլուն նվաճումների համար 2013 թ հոկտեմբերի 10-ին նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: