Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձեռագործ իրերից մինչև արոմաթերապիայի տատիկներ

Հասարակություն
hand-made

Վաճառասեղաններին չգտնելով գրպանին ու գլխին հարմար գլխարկ՝ գրականագետ Մարիամ Ալեքսանյանը 2 տարի առաջ որոշեց ստեղծել իր փնտրածը։ Պարզվեց՝ նրա գործած գլխարկների կարիքը շատերն ունեին, և  հայտնվեցին արդեն առաջին պատվիրատուները։ Ստեղծվեց  «Հասկ» ֆեյսբուքյան էջը, որի միջոցով էլ իրականացնում է պատվերները: «Ժամանակին սեզոնային էր՝ միայն գլխարկներ ու շարֆեր էի անում: Հետո որոշեցի մի քիչ ավելի շատ բան անել, ու այն գումարը, որը ստանում եմ գլխարկներից, հենց ներդնել հասկի մեջ ու ինչ-որ նոր բաներ փորձել անել»,- ասում է Մարիամ Ալեքսանյանը: Բնապահպանության նախարարության՝ պլաստիկի և պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարի հայտարարությունը  ուրախացրել է Մարիամին, որը համարում է բնությունը մարդու պաշտպանության կարիքն ունի։ Նա էլ իր պայքարի տարբերակն ունի՝ կարում ու գործում է բազմակի օգտագործման տոպրակներ։ «Երբ ես տեսնում էի՝ ինչպես են մայրիկս ու տատիկս գնում խանութ ու այդ տոպրակներով գալիս, շատ էի բարկանում: Մտածում էի՝ այդքան կորուստ է գնում ռեսուրսների, իսկ տոպրակները չեն քայքայվում, ամենամեծ վնասն են բնությանը: Ես կարել չգիտեի, կարի մեքենան տանը կար, բայց երբեք դրա դիմաց չէի նստել և երբեք ոչ մի բան չէի կարել: Գնեցի ամենաէժան կտորը ու որոշեցի մի քանի տոպրակ կարել: Այդպես ստացվեցին առաջին տոպրակները»: Առաջին տոպրակները նվիրում էր, քանի որ նպատակ ուներ, որքան հնարավոր է դրանք շատ տարածել, բայց հետո սկսեց վաճառել։ «Երբ սուպերմարկետներում որոշեցին, որ այդ չարիքը պետք է գումարով լինի, մտածեցի, որ կարելի է Հասկում դնել ու բավական էժան վաճառել, որովհետև ինձ համար կարևոր չէին այն ռեսուրսները, որ ես ծախսել էի դրա վրա: Իմ համար կարևոր էր, որ այդ սուպերմարկետները գումար չաշխատեն այդ տոպրակներով»: Բնության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունի նաև «Տոտիկ» ձեռագործ ակումբի հիմնադիր Սիլվա Չոբանյանը: Սիլվայի հավաքած ուրցը, երբ թեյերի համար դարձան անպիտան,  կիրառման մեկ այլ գաղափար առաջացավ: «Շատ անուշ հոտ էր գալիս տանը, որոշեցի ադեներ՝ տատիկներ պատրաստել կարպետից գոգնոցով, որի մեջ ուրց է, սա խմելու համար չէ, սա արոմաթերապիայի տատիկներ են: Պարզվում է՝ հոտն ունի նույն ազդեցությունը, ինչ թեյը»: Աղջիկներին այժմ միավորում է մեկ նպատակ՝ Երեւանից դուրս  ստեղծել ձեռագործության ակումբ, որտեղ հնարավոր կլինի տեղում պատրաստել և վաճառել ձեռագործ իրերը։