«Միայն երկրապահը չէ, որ պահել է Արցախն ու Հայաստանը» (տեսանյութ)
«Միայն երկրապահը չէ, որ պահել է Արցախն ու Հայաստանը: Դա այդպես չէ: Մոնթեի հայրենասիրական ջոկատը, ինչպես և շատ-շատ ջոկատներ բնավ երկրապահ չէին»,-ասում է Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կինը։ Մոնթեի այրին՝ Սեդան, Հայաստանում է երեք տարվա ընդմիջումից հետո։ Վերջին անգամ այստեղ էր ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով։ Սակայն իր խոսքով, մտովի միշտ այստեղ է: Ապրիլ-մայիսին էլ անընդհատ հետևել է ուղիղ եթերներին: «Փոփոխությունն ակնհայտ է, անգամ մարդկանց պահվածքն է փոխվել, մարդիկ ավելի հանդուրժող են, - ասում է նա: 1988-ին միասին էին հրապարակում և արցախյան պատերազմից էլ քանիցս Մոնթեն գրել է, որ ուրախ է, որ ժողովուրդը իր ճակատագիրն իր ձեռքն վերցրել: «Ինչ իմանար,-ասում է Սեդան,- որ ամեն ինչ այս կերպ սարսափելի կստացվի: Սեդան այսօր ապրում է Ալյասկայում, աշխատում է համալսարանում: Երկրորդ ամուսնու հետ մեծացնում են իրենց որդուն՝ Սարո-Մոնթեին, ով Մոնթեի մասին ավելի շատ բան գիտի, քան հնարավոր է գտնել գրքերում։ Մոնթեի մասին հուշագրություն է պատրաստում նրա հետ ապրած իր տասնհինգ երջանիկ տարիների մասին: Հաջորդը Մոնթեի կենսագրականն է լինելու: «Հաճախ մարդիկ փաստերը խեղաթյուրում են»,- ասում է Սեդան: Առաջ ծանր էր տանում, հետո հասկացել է, որ Մոնթեն բանահյուսական հերոս է դարձել: