«50 միլիոն տուգանքից ազատելու համար պետ. բյուջեից ծախսվում է 200 միլիոն դրամ». Գ. Հարությունյան
Վարչական արդարադատության ոլորտում կան կուտակված լուրջ խնդիրներ, որոնք օրենսդրական բարեփոխումների և կառուցակարգային լուծումների անհրաժեշտություն ունեն։ Այս մասին այսօր «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացում ՀՀ-ում» թեմայով քննարկման ժամանակ նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ նրա՝ վարչական դատարանը ծանրաբեռնված է վարչական արդարադատությանը ոչ բնորոշ գործերով։ «Գրեթե 70 տոկոսը գործերի ոստիկանության դեմ ներկայացված տույժերի և տուգանքների բողոքարկումներն են։ Դրանց գրեթե 50 տոկոսը բավարարվում են։ Այստեղ կա լրջագույն խնդիր»։ Ըստ Գագիկ Հարությունյանի՝ տույժերի և տուգանքների բողոքարկումների ուսումնասիրությանը հատկացվող գումարը գերազանցում է բուն տույժերի ու տուգանքների գումարին։ «Մոտավորապես 50 միլիոն տույժ ու տուգանքից քաղաքացիներին ազատելու համար պետությունը բյուջեից ծախսում է մոտավորապես 200 միլիոն դրամ»։ «Դատական իշխանության համակարգում պետք են սկզբունքային փոփոխություններ՝ կապված հատկապես դատավորների իրավական ընկալումների հետ՝ անդրադառնալով ԱԺ պատգամավորների երաշխավորությամբ կալանքից ազատ արձակվելու միջնորդություններին»,-Գագիկ ասաց քննարկմանը ներկա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Դա այլընտրանքային խափանման միջոց է, իսկ կալանքին այլընտրանք համարվող խափանման միջոցները պետք է լինեն շատ արդյունավետ եւ այնքան ճկուն, որ պարզապես դրանք կիրառվեն որպես վերջին միջոց։ Այս պահին մեր օրենսդրությունը ճկուն չէ, քանի որ մենք չունենք տնային կալանք, չունենք հսկողության հանձնելը՝ պրոբացիոն ծառայության ներգրավմամբ»։ Արման Թաթոյանի հաղորդմամբ՝ ուսումնասիրությունները վկայում են, որ միջնորդությունների 90 տոկոսից ավելին բավարարվում է, իսկ օրինակ՝ Եվրոպայի խորհրդի տարածքում միջինացված ցուցանիշը համարվում է 25 տոկոսից ոչ ավելին։