Մունդիալ-2018. Արդյոք Սանկտ Պետերբուրգը հաջողություն կբերի Արգենտինային
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր խաղերը կավարտվեն եւս երկու խմբերում: Առաջինը կկայանան C խմբի երկու հանդիպումները: Ֆրանսիայի հավաքականը, որն մեկնարկում երկու հաղթանակ է տարել եւ արդեն նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգրերից մեկը, Մոսկվայում կհանդիպի Դանիայի ընտրանու հետ: Վերջինս 4 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, եւ ոչ-ոքի խաղալու դեպքում կմիանա ֆրանսիացիներին: Երրորդ տեղում գտնվող Ավստրալիայի հավաքականը Սոչիում ուժերը կչափի Պերուի ազգային թիմի հետ: Ավստրալացիներին այդ խաղում հարկավոր է միմիայն հաղթանակ, ընդ որում 2:0 եւ ավելի մեծ հաշվով: Սակայն նրանք փլեյ-օֆֆի ուղեգիր կնվաճեն այն դեպքում, եթե զուգահեռ ընթացող խաղում Դանիայի ընտրանին կսայթաքի եւ կպարտվի Ֆրանսիային: Այս հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: D խմբի ընդգծված առաջատար Խորվաթիայի ազգային թիմը կմրցի առաջնության նորեկ Իսլանդիայի հավաքականի հետ: Խորվաթները վաստակել են 6 միավոր եւ արդեն լուծել են խմբային փուլի խնդիրը, իսկ ահա իսլանդացիները պետք է ձգտեն միմիայն հաղթանակի: Սակայն, փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգրին բոլորից մոտ է Նիգերիայի ընտրանին, որը երկու տուրից հետո ունի 3 միավոր եւ այսօր Սանկտ Պետերբուրգում հանդիպելու է խմբի հետնապահ Արգենտինայի հետ: Հաջորդ փուլ մտնելու համար աֆրիկացի ֆուտբոլիստներին հարկավոր է նվազագույնը ոչ-ոքի խաղալ: Իսկ ահա արգենտինացիները դրա համար նախ պետք է խոշոր հաշվով հաղթանակ տանեն, ապա հույս դնեն, որ Խորվաթիան չի պարտվի Իսլանդիայի թիմին: Այս խմբի հանդիպումները կսկսեն ժամը 22:00-ին: