Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունը փակ ռեժիմով աշխատելու քաղաքական որոշում է կայացրել». Աշոտ Մելիքյան

Քաղաքականություն
AshotMeliqjan

Հրապարակվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2018 թվականի առաջին եռամսյակային զեկույցը: 2017-ի համեմատ նվազել են ԶԼՄ- ների և դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների դեպքերը, եթե նախորդ տարի արձանագրվել էր 32 այդպիսի դեպք, ապա այս տարի դրանք 12-ն էին: Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպք 2018-ի առաջին եռամսյակում չի արձանագրվել, նախորդ տարի կոմիտեն ֆիքսել էր բռնության երեք դեպք։  Փոփոխություններին զուգահեռ բացասական միտում էլ կա, գրեթե եռակի ավելացել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները. վառ օրինակը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի ընդունումն էր, որի համաձայն կառավարության նիստերն անցնելու են դռնփակ: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով, լրագրողների գործունեության ցանկացած սահմանափակում խոսում է այն մասին, որ իշխանությունը փակ ռեժիմով աշխատելու քաղաքական որոշում է կայացրել. «Սա կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ լրագրողական հանրությունը լուրջ ձևավորված պահանջ չի ներկայացնի պաշտոնական տեղեկատվությունն ավելի մատչելի դարձնելու առումով»: Ըստ Աշոտ Մելիքյանի նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը նույնպես իշխանության որդեգրած ճանապարհի մաս էր կազմում. «Լրատվամիջոցների ղեկավարներին հրավիրելն այդքան էլ ճիշտ չէր, քանի որ նրանք այնտեղ էին որպես հյուրեր, այլ ոչ որպես լրագրողներ կամ օպերատորներ»: Լրագրողական հանրության շրջանում դրական արձագանք ստացած օրենսդրական փոփոխություններ էլ են եղել, վերանայվել են Վարչական դատավարության օրենսգրքի ՝ դատական նիստերը տեսա և լուսանկարահանելուն վերաբերող դրույթները, այուհետ դատական նիստերին անհրաժեշտ է ոչ թե դատավարության մասնակցի միջնորդության հիման վրա դատարանի թույլտվությունը, այլ կողմերի համաձայնությունը: