Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողները հարգանքի տուրք էին մատուցում հասակակիցներին

Հասարակություն
EPH-qaylert

Այսօր Երևանի պետական համալսարանի ուսանողները լռության երթով շարժվում էին Եռաբլուր՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հասակակիցներին: Ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացածներից շատերը հենց ուսանողներ էին: «Ես ինքս կամավորագրվել եմ հենց ԵՊՀ կամավորական ջոկատի կազմում, որպեսզի ինչքան հնարավոր էր մեր օգնությունն ու աջակցությունը տայինք մեր հայրենիքին: Ապրիլյան պատերազմը մեր մեջ, հասակակիցների մեջ, հայ ժողովրդի մեջ շատ բան փոխեց: Մեր ուսանողների շրջանակներում ավելի շատ հետաքրքրություններ եմ տեսնում: Տարբեր միջոցառումներում, զորամասեր այցելելով տեսնում ենք, որ ուսանողների հետաքրքրությունը շատանում է, մենք մեր ուսերին դնում ենք պարտականություն ավելի շատացնելու նման միջոցառումները, որոնք նպաստելու են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը»- նշեց ԵՊՀ Ռազմահայրենասիրական ոգու բարձրացման հանձնաժողովի նախագահը Լիպարիտ Ղազարյանը: Պատերազմում զոհված հերոսներից Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի և Բենիամին Եղոյանի գրաֆիտիները պատկերված են համալսարանի պատերին, շատ հերոսներ էլ, անցնելով պատերազմի միջով, շարունակում են իրենց կրթությունը այդ նույն պատերից ներս: «Ծառայել եմ Մարտակերտում, մասնակցել եմ քառօրյային ու իմ համար շատ ցավոտ է էդ օրերը հիշելը, քանի որ ես ընկերներ եմ կորցրել այնտեղ: Էս օրը ուրիշ օր է, որը չեմ կարող բառերով նկարագրել: Մութ էջ է, որը չեմ ցանկանա, որ նորից բացվի հայ ազգի համար: Իմ կյանքում էն փոխվեց, որ առաջ կարող է մտածեի՝ ուղղակի գնայի, ծառայեի, պարտքս տայի, բայց քառօրյայից հետո հասկացա, որ ամեն ինչ ծառայելով չի որոշվում: Եթե հայրենիքի համար տղերքը արյուն են թափել, ուրեմն մենք մինչև վերջ պիտի պայքարենք»,- ասաց ուսանող Թադևոս Բաբելյան: Համալսարանականները ապրիլյան քառօրյա պատերազմի դեպքերն ու հերոսներին հիշում են միշտ: Նրանք փաստում են՝ համակուրսեցիներն ու ընկերները վառ օրինակ են իրենց համար: «Մենք կարևորում ենք, որ ոչ միայն այսօր, մայիսի 9-ին կամ ինչ-որ կոնկրետ օրեր գնալ, այլ ամբողջ տարվա ընթացքում այս թեման քննարկել, անընդհատ ուսանողության մոտ հիշեցումներ անել: Այս օրն էլ է պետք գնալ, բայց դա չի նշանակում, որ միայն այս օրն է պետք գնալ: Նրանք մեզանից մեկն են, բացի նրանից, որ նրանք հերոս են, ուսման մեջ նրանք մեզանից մեկն են, որոնք փորձում են բարեփոխումներ մտցնել, փորձում են սովորել ու դառնալ մասնագետ»,- նկատում է ուսանողուհի Անահիտ Գևորգյանը: Եռաբլուրում արդեն երթին մասնակցող ուսանողներին սպասում էին ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած այլ հերոսներ ևս: Նրանք ավանդույթի համաձայն՝ նախորդ տարվանից սկսած ապրիլի 1-ի գիշերվանից  Եռաբլուրում են լինում՝ շատերի համար չլուսացած ապրիլի 2-ն այնտեղ լուսացնելու: