Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թե բնական, թե արհեստական տոնածառը ալերգիայի աղբյուր է. մասնագետ

Հասարակություն
exevni

Նոր տարվա կարևոր խորհրդանիշ եղևնին պարտադիր է շատ ընտանիքների համար։ Թեև այն ապահովում է մեր տոնական տրամադրությունը, բայց պարզվում է, որ այն այնքան էլ անվտանգ չէ։ «Ալերգոլոգիայի և Իմունոլոգիայի» կենտրոնի ղեկավար Սևան Իրիցյանը ալերգիաներից խուսափելու համար խորհուրդ է տալիս նախապատվությունը տալ արհեստական եղևնիներին։ «Բնական եղևնի պետք չէ օգտագործել նախ` բնապահպանական տեսանկյունից, այսինքն՝ «կանաչ նպատակներով»։ Հետո բնականը կարող է ալերգիա առաջացնել, քանի որ նրանում միշտ առկա են բորբոսասնկեր, որն էլ իրենով կարող է խնդիր առաջացնել զգայուն մարդկանց մոտ»,- նշում է Սևան Իրիցյանը։   «Եղևնու» ալերգիայի նախանշանները կարելի է հեշտությամբ շփոթել մրսածության հետ, քանի որ այն հիմնականում առաջացնում է փռշտոց, քոր քթում և աչքերում, դժվարաշնչություն։ Այն կարող է առաջացնել նաև եղնջացան։ «Սովորաբար այս սեզոնին ում ինչ լինում է, ասում են մանդարինից էր կամ խառը շատ կերանք»,- նկատում է Սևան Իրիցյանը։ Թեև արհեստական եղևնին ալերգոլոգն ավելի նախընտրելի է համարում, այնուամենայնիվ այն նույնպես բացարձակ անվտանգ չէ։  «Արհեստական տոնածառն ավելի նախընտրելի է, բայց պետք է հաշվի առնել, որ սինթետիկ պոլիմերները ակտիվ կուտակում են տնային փոշի՝ տնային փոշու տիզը, այդ իսկ պատճառով պետք է ամեն տարի տեղադրելուց առաջ խոնավ շորով մաքրել, չորացնել»,- նշում է Սևան Իրիցյանը։ Սևան Իրիցյանի պնդմամբ՝ ալերգոլոգիայի լավագույն կանխարգելման մեթոդը՝ իմանալ ալերգենն ու խուսափելն է։ Նա խորհուրդ է տալիս պարզապես հեռու մնալ ալերգիայի աղբյուր հանդիսացող բնական եղևնու կիրառումից։