Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ
A A
Քաղաքականություն

Դիվանագիտական ներկայացուցչություններին նվիրաբերված միջոցները կավելացնեն բյուջեի եկամուտները

2026 թվականի պետական բյուջեի եկամուտները կավելանան 65 մլն 302 հազար դրամով, ծախսերի ծրագրային ցուցանիշները՝ 37 մլն 481 հազար դրամով, իսկ պետական բյուջեի դեֆիցիտը կնվազի 27 մլն 821 հազար դրամով։ Դա նախատեսվում է Արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարության ներկայացրած որոշման նախագծով։

Կառավարության սահմանած կարգի համաձայն՝ ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարությունը դիվանագիտական ծառայության մարմիններից ստացված հաշվետվությունների հիման վրա Ֆինանսների նախարարություն է ներկայացնում նվիրաբերությունների ստացման եւ դրանց հաշվին ֆինանսավորված ծախսերի վերաբերյալ ամփոփ եռամսյակային հաշվետվություն։

Այնուհետեւ Կառավարություն է ներկայացվում որոշման նախագիծ՝ հաշվետվությամբ արձանագրված գումարները տվյալ տարվա պետական բյուջեի եկամուտների, ինչպես նաեւ ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծրագրով նախատեսված ծախսերի ծրագրային ցուցանիշներում ներառելու նպատակով։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակում արտերկրում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին կատարվել է 65 մլն 302 հազար 800 դրամի նվիրաբերություն, իսկ դրանց հաշվին իրականացված ծախսերը կազմել են 37 մլն 481 հազար 100 դրամ։

Երկրորդ եռամսյակի մուտքերը գոյացել են Քուվեյթում եւ Կատարում Հայաստանի դեսպանություններին հյուրընկալ պետությունների կողմից հատկացված նվիրատվություններից։ Նախագիծը Կառավարության նիստում կներկայացնի ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը։