Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2026-09-23 175745
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ Ազատություն

Ամերիկացի պաշտոնյաները այսօր Նյու Յորքում կբացահայտեն՝ որոնք են լինելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման հաջորդ քայլերը։ Հայաստանի հարավով անցնող տրանսպորտային և ենթակառուցվածքային այս ծրագիրը, Վաշինգտոնի գնահատմամբ, կարող է առևտրային նոր ուղիներ բացել Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և արևմտյան շուկաների միջև, գրում է Ազատությունը։

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները երեկ ուշ երեկոյան լրագրողներին հայտնել են, որ միջոցառումը կենտրոնանալու է այն ինստիտուցիոնալ և ֆինանսական մեխանիզմների վրա, որոնք անհրաժեշտ են TRIPP-ը խաղաղության նախաձեռնությունից գործնական իրականացման փուլ տեղափոխելու համար։

Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների ներկայացուցիչները, որոնցից Ղազախստանն ու Ուզբեկստանը առանձնահատուկ հետաքրքրություն են ցուցաբերում այս նախագծի հանդեպ, ԱՄՆ նախագահի խաղաղության հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, սենատոր Սթիվ Դեյնսը, ինչպես նաև ավելի քան 40 ընկերությունների ղեկավարներ, որոնցից շատերն ամերիկյան են։

Պաշտոնյաների խոսքով՝ միջոցառման ընթացքում կներկայացվի, թե ինչպես է TRIPP-ը «բացելու Միջին միջանցքը»՝ գործարկելով դեպի արևմուտք ձգվող առևտրային մի ուղի, որը Եվրոպան կկապի Կենտրոնական Ասիայի հետ՝ միաժամանակ նվազեցնելով կախվածությունը տարանցումներից Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի տարածքով։

Հանդիպմանը կներկայացվի նաև Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամը (Trans-Caspian Enterprise Fund), որը, պաշտոնյաների խոսքով, ներդրումներ կկատարի TRIPP-ի և ավելի լայն Անդրկասպյան առևտրային ուղու շնորհիվ ստեղծվելիք հնարավորություններում։ Թեև հիմնադրամն անմիջականորեն չի կառավարվում ԱՄՆ կառավարության կողմից, այն գործում է Սպիտակ տան նշանակած խորհրդի վերահսկողությամբ և դրամաշնորհներ է ստանում Պետքարտուղարությունից։ Այն , միաժամանակ, առանձին է գործում միջանցքի զարգացումն ու կառավարումն ապահովելու համար ստեղծված ամերիկա-հայկական համատեղ ընկերությունից՝ TRIPP Development Company-ից՝ առանձին։

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ վերջին 13 ամիսների ընթացքում Վաշինգտոնն աշխատել է Հայաստանում ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու և դրանք կառավարելու համար անհրաժեշտ իրավական դաշտի ձևավորման ուղղությամբ։ Միաժամանակ, ԱՄՆ Կոնգրեսը ֆինանսավորում է հատկացրել՝ խաղաղության գործընթացին և նախագծի զարգացմանն աջակցելու համար։

TRIPP-ը նախատեսված է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու համար՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

«Սա մեզ համար անվտանգության կարևոր հարց է դառնում», - ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ առևտուրը ներկայումս սահմանափակող խոչընդոտների վերացումը համարելով առանցքային նպատակ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում