Նիկոլ Փաշինյանը չի ուտում, բայց Դավիթ Պիպոյանն ուտում է տեղական արտադրության ձուկ․ Դ․Պիպոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ստուգել ենք 1000-ից ավելի մարդկանց, 20 տոկոսից ավելին ամռան ամիսներին օգտագործում է երաշխավորված քանակից ավելի միրգ և բանջարեղեն։ Եթե թունաքիմիկատների խնդիր չլիներ, դա շատ լավ կլիներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց սննդագետ Դավիթ Պիպոյանը՝ անդրադառնալով սննդի որակին, հատկապես՝ գյուղմթերքում թույլատրելի չափը գերազանցող թունաքիմիկատների առկայությանը։
Սննդագետն ասում է՝ ճիշտ կլինի, որ մարդիկ 1 օրում ուտեն ընդամենը 500-600 գրամ միրգ և բանջարեղեն։ Ավելի շատ ուտելը կարող է վտանգավոր լինել առողջության համար, քանի որ բուսական ծագում ունեցող մեր գյուղմթերքում շատ հաճախ թունաքիմիկատների քանակը գերազանցում է թույլատրելի սահմանը։ Իսկ նշված չափը վտանգավոր չի լինի։
Անդրադառնալով մեր գյուղմթերքի նկատմամբ Ռուսաստանի կիրառած սահմանափակումներին՝ Դավիթ Պիպոյանն ասում է, նորություն չէ, որ ՀՀ-ում արտադրվող պտուղ-բանջարեղենի մեջ վտանգավոր նյութեր կան։ Միշտ էլ եղել է։ Պարզապես այդ երկիրը նախկինում ընդունում էր, հիմա՝ ոչ։
Իսկ բոլորովին վերջերս Հայաստանից Եվրամիություն է արտահանվել խաղողի տերև, որի մեջ վտանգավոր նյութ է հայտնաբերվել։
«Եթե դուք բացեք ԵՄ-ի արագ արձագանքման պորտալը, Հայաստանից արտահանում է իրականացվել, որի մեջ հայտնաբերվել է քլորպիրիֆոս։ Իրենք ռիսկի գնահատում են արել ու դրան տվել են բարձր ռիսկայնություն։ ԵՄ-ն չի ընդունել այդ ապրանքը։ Բա ինչո՞ւ ԵՄ-ին չենք ասում՝ խնդիրը քաղաքական էր, որ այդ նյութը ԵԱՏՄ-ում թույլատրելի էր»,- հավելեց սննդագետը։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարոթյանը, թե Հայաստանում արհեստական պայմաններում աճեցրած ձուկ չի ուտում, ասաց, որ ինքն ուտում է։
«Դավիթ Պիպոյանն էլ հայտարարում է, որ տեղական արտադրության ձուկ ուտում է։ Ինչո՞ւ։ Որովհետև ռիսկ գնահատող է և գիտի, որ արհեստական լճերում աճեցրած ձուկն այնքան քիչ ենք սպառում, որ առողջական խնդիր չի կարող առաջացնել»,- հուշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։