Ինչպես է համացանցը մեծացնում երեխաների խոցելիությունը. ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը
Հեղինակային տարեկան զեկույցն ընդգծում է թվային միջավայրի անհավասար տարածումն ու անդրադառնում երեխաների բարեկեցության և անվտանգության վրա համացանցի և սոցիալական մեդիայի ազդեցության վերաբերյալ ընթացիկ բանավեճերին Նյու Յորք, 12-ը դեկտեմբերի, 2017թ. - Չնայած երեխաների զանգվածային ներկայությանը համացանցում, իսկ աշխարհում համացանցի օգտատերերի յուրաքանչյուր երեքից մեկը երեխա է, շատ քիչ բան է արվում պաշտպանելու նրանց թվային աշխարhի վտանգներից, ինչպես նաև` ընդլայնելու անվտանգ առցանց նյութերի հասանելիությունը նրանց համար, ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարեկան հեղինակային զեկույցում, որ հրապարակվել է այսօր: «Երեխաների իրավիճակն աշխարհում 2017. երեխաները թվային դարում» զեկույցը ՅՈՒՆԻՍԵՖ-ի առաջին համապարփակ վերլուծությունն է երեխաների կյանքի վրա թվային տեխնոլոգիաների տարաբնույթ ազդեցության և համացանցի տված հնարավորությունների մասին, որ բացահայտում է համացանցից օգտվելու թե՛ վտանգները, թե՛ տված հնարավորությունները: Զեկույցում ասվում է, որ կառավարություններն ու մասնավոր հատվածը համաքայլ չեն եղել փոփոխության ընթացքի հետ՝ երեխաներին նոր ռիսկերի և վնասների ենթարկելով, ինչպես նաև՝ միլիոնավոր խոցելի երեխաների անտեսելով: «Բարեբախտաբար, թե դժբախտաբար, թվային տեխնոլոգիաները այսօր մեր կյանքի անքակտելի մասն են կազմում», - նշեց ՅՈՒՆԻՍԵֆ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը (Anthony Lake): «Թվային աշխարհում, մեր երկուստեք խնդիրն է՝ չեզոքացնել վնասները՝միևնույն ժամանակ առավելագույնի հասցնելով համացանցի առավելությունները յուրաքանչյուր երեխայի համար»: Զեկույցն ուսումնասիրում է առավելությունները, որ թվային տեխնոլոգիաները կարող են ունենալ ամենախոցելի երեխաների համար, այդ թվում նրանց, ովքեր մեծանում են աղքատության մեջ կամ կրում հումանիտար ճգնաժամերի ազդեցությունը: Հարկավոր է ընդլայնել տեղեկատվության հասանելիությունը այդ երեխաների համար, կարողություններ զարգացնել թվային գիտելիքներ պահանջող աշխատաշուկայում՝ հարթակ տրամադրելուվ կապեր հաստատելու և իրենց տեսակետներն արտահայտելու համար: Զեկույցում նշվում է, որ միլիոնավոր երեխաներ դրա հնարավորությունը չունեն: Աշխարհի երիտասարդության մեկ երրորդը՝ 346 միլիոն, համացանցից չեն օգտվում՝ խորացնելով անհավասարություններն ու նվազեցնելով այդ երեխաների մասնակցության հնարավորությունն ավելի ու ավելի աճող թվային տնտեսության մեջ: Զեկույցը նաև ուսումնասիրում է, թե ինչպես է համացանցը մեծացնում երեխաների խոցելիությունը վտանգների և վնասների նկատմամբ, ինչպիսիք են անձնական տեղեկատվության ոչ տեղին օգտագործումը, վնասակար բովանդակությամբ նյութերի հասանելիությունը և կիբերբուլիինգը (cyberbullying): Թվային շարժական տեխնիկայի համատարած օգտագործումը, ինչպես նշվում է զեկույցում, երեխաների ցանցից օգտվելը պակաս վերահսկելի է դարձնում և հետևաբար՝առավել վտանգավոր: Դեռ առվելին, թվային ցանցերը, ինչպիսին է, օրինակ, Սև ցանցը (Dark Web) , շահագործման և չարաշահման համար պարարտ հող են ստեղծում, այդ թվում՝ թրաֆիքինգի և առցանց սեռական մանկական չարաշահման համար: Զեկույցում ներկայացված են երեխաների՝ ցանցից օգտվելու վերաբերյալ ընթացիկ տվյալներ և երեխաների բարեկեցության վրա թվային տեխնոլոգիաների ազդեցության վերաբերյալ վերլուծություններ, ինչպես նաև անդրադարձ է կատարվում երեխաների՝ «թվային միջավայրից» կախմանը և ուղեղի զարգացման վրա էկրանի հնարավոր ազդեցության մասին օրեցօր ավելացող բանավեճերին: Զեկույցում տեղ են գտել նաև հետևյալ փաստերը.
- Համացանցից օգտվող բնակչության ամենամեծ խումբը երիտասարդներն են: Աշխարհում նրանց 71 տոկոսն առցանց է, ողջ բնակչության 48 տոկոսի համեմատ:
- Աֆրիկայի երիտասարդությունն ամենաքիչն է օգտվում համացանցից: Այն հասանելի է յուրաքանչյուր 5-ից 3-ին: Մինչդեռ Եվրոպայում այն հասանելի չէ յուրաքանչյուր 25-ից 1-ին:
- Բոլոր վեբ կայքերի գրեթե 59 տոկոսն անգլերեն լեզվով են, և շատ երեխաներ չեն կարող գտնել իրենց հասկանալի կամ իրենց մշակույթի պահանջներին համապատասխանող նյութեր:
- Աշխարհի սեռական չարաշահման հղումների 10-ից առավել քան 9-ը տեղակայված են հինգ երկրներում ՝ Կանադայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանի Դաշնությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
- Մատչելի և բարձրորակ համացանցը հասանելի դարձնել բոլոր երեխաներին:
- Պաշտպանել երեխաներին համացանցի վտանգներից, այդ թվում՝ չարաշահումից, շահագործումից, թրաֆիքինգից, կիբերբուլիինգից, ինչպես նաև՝ տարիքին չհամապատասխանող նյութերից
- Պաշտպանել երեխաների անձնական տվյալներն ու առցանց ինքնությունը
- Տրամադրել թվային գրագիտություն, որպեսզի երեխաները տեղեկացված լինեն, իսկ համացանցից օգտվելիս՝ պաշտպանված
- Կիրառել մասնավոր հատվածի լծակներն՝ էթիկական չափորոշիչներն ու քայլերը բարելավելու համար, որոնք պաշտպանում են երեխաներին համացանցից օգտվելիս ի շահ բոլոր երեխաների
- Երեխայակենտրոն թվային քաղաքականություն մշակել: