Գյումրիում ծեծի են ենթարկել «Ալաշկերտի» մարզիչներին
Այսօր Գյումրիում կայացած Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Շիրակ» - «Ալաշկերտ» հանդիպմանը տհաճ միջադեպ է տեղի ունեցել: Ինչպես «Ա1+»-ի թղթակցին հայտնեց «Ալաշկերտի» մամուլի քարտուղար Սամվել Սուքիասյանը, խաղից հետո տեղի երկրպագուները եւ ակումբի աշխատակիցները հարձակվել են «Ալաշկերտի» մարզչական շտաբի վրա եւ փորձել հաշվեհարդար տեսնել: «Խաղի ընթացքում տեղի որոշ ֆուտբոլասերներ անընդհատ հայհոյանքներ էին հնչեցնում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հասցեին, քարեր նետում թիմի պահեստային նստարանների կողմը: Իսկ երբ մեր ֆուտբոլիստը նախավերջին րոպեին գոլ խփեց եւ թիմը հաղթանակ տարավ, այդ երկրպագուներն ավելի բորբոքվեցին, խաղից հետո մտան խաղադաշտ ու բռունցքներով նետվեցին «Ալաշկերտի» մարզչական շտաբի վրա: Զարմանալին այն է, որ այդ ծեծկռտուքին մասնակցեցին նաեւ «Շիրակ» ակումբի որոշ աշխատակիցներ: Ոստիկաններից մեծ ջանքեր պահանջվեց կողմերին բաժանելու համար: Բարեբախտաբար, լուրջ տուժածներ չկան», - տեղեկացրեց «Ալաշկերտի» մամուլի քարտուղարը: