Հրաբխային տուֆի ապօրինի արտահանմամբ զբաղվող ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպօրինի արդյունահանման հերթական դեպքն են հայտնաբերել Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները։ Նրանք ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, խախտելով ընդերքի օգտագործման կանոնները և չունենալով վարձակալության պայմանագիր, Արմավիրի մարզի Կողբավան գյուղի վարչական տարածքում շուրջ 20 օր կազմակերպել է հրաբխային տուֆի արդյունահանում։ Տեղեկությունը հաստատվել է: Սեպտեմբերի 18-ին հիշյալ տեղամաս այցելելիս իրավապահները նկատել են աշխատող էքսկավատոր և տուֆով բարձված բեռնատար։ Ըստ նախնական տեղեկության՝ ապօրինի արդյունահանվել է շուրջ 120 խորանարդ մետր տուֆ, ինչի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է շուրջ 3 միլիոն 600 հազար դրամի վնաս։ Բարձված բեռնատարը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։