Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ունենք միմյանց կարիքը. Ֆեդերիկա Մոգերինի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
mogerini

2017 թվականի հոկտեմբերի 25-ից 27-ը Եվրոպական Միության Խորհրդում Էստոնիայի նախագահության հովանու ներքո Տալլինում կայանում  է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովը՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 9-րդ տարեկան համագումարի հետ մեկտեղ: «Շոշափելի արդյունքների ապահովում մարդկանց համար. Արեւելյան գործընկերությունը 2020 թվականին եւ դրանից հետո» անվանումով եռօրյա միջոցառումը կկենտրոնանա Արեւելյան գործընկերության քաղաքականության ապագայի եւայդ երկրներում պատշաճ կառավարման բարելավման գործում քաղաքացիական հասարակության ներդրման վրա: Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է. «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Արեւելյան գործընկերության երկրներում խիստ անհրաժեշտ բարեփոխումների լավագույն հովանավորն ու հսկիչն են: Նրանք ձայնն են ընդդեմ կոռուպցիայի եւ հանուն թափանցիկության: Նրանք նաեւ անփոխարինելի ուժ են մեր ամենօրյա աշխատանքի բազմապիսի ուղղություններում՝սկսած կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարից, վերջացրած մեդիա միջավայրի բարելավումով: Մենք գործընկերներ ենք եւ ունենք միմյանց կարիքը՝մեր ընդհանուր նպատակներին հասնելու ու Արեւելյան գործընկերությունն իր հանգրվանին հասցնելու համար»: Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանն իր խոսքում ընդգծել է. «Մենք կատարում ենք մեր՝ քաղաքացիական հասարակությանն ընդլայնված աջակցություն ցուցաբերելիս սոցիալական նորարարությունների միտումներին հետեւելու խոստումը: Քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարների հետ գործընկերությունը, ուժեղ առաջնորդությունը եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կառավարչական դերի բարձրացման առավել արդյունավետ գործիքները մեր վերափոխված գործիքակազմի մասն են: Արեւելյան գործընկեր երկրներում քաղաքացիական հասարակությունը, գործընկեր կառավարությունների հետ մեկտեղ, մեզ ավելի կմոտարկի քաղաքացիների հետ այն ոլորտներում, որոնք նշանակալի են վերջիններիս կյանքում փոփոխություններ մտցնելու տեսանկյունից»: Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահ Հենադի Մակսակն ասել է. «Քաղաքացիական հասարակությունն հավատում է Արեւելյան գործընկեր երկրների՝ ընդհանուր արժեքների, օրենքի գերակայության, ժողովրդավարական սկզբունքների հարգանքի ու հանրային հաշվետվողականության վրա հիմնված եվրոպական ապագային: Անչափ կարեւոր է քաղաքացիական հասարակության համար ստեղծել բարենպաստ միջավայր, ինչը թույլ կտա վերջինիս ներգրավվել բարեփոխումների օրակարգում»: Համաժողովը մասնակիցների համար հարթակ կծառայի՝ քննարկելու այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝պատշաճ կառավարումը, կառավարությունների ու քաղաքացիական հասարակության միջեւերկխոսությունը, կառավարության թափանցիկության խթանման նպատակով տեխնոլոգիաների օգտագործումը եւ տնտեսական զարգացման ներառական մոտեցումները: Քննարկումների առանցքում կլինի նաեւ քաղաքացիական հասարակության դերը՝ ապատեղեկատվության դեմ պայքարի եւ մեդիագրագիտության զարգացման հարցերում: Մասնակիցները կընդունեն Քաղաքացիական հասարակության հռչակագիր՝ սահմանելով հետագա ժողովրդավարական զարգացման հիմնական խոչընդոտները եւ ներկայացնելով հստակ առաջարկություններ առ այն, թե կառավարություններն ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ինչպես կարող են գործակցել՝ այդ խոչընդոտները հաղթահարելու նպատակով: Քաղաքացիական հասարակությանն ուղղված Եվրոպական Միության աջակցությունը կարեւոր նշանակություն է ունեցել Արեւելյան գործընկեր երկրներում հանրային հաշվետվողականության բարձրացման, մարդու իրավունքների հարգանքի եւ տեղական զարգացման գործում: 2014 – 2016 թվականներին Եվրոպական Միությունը ամբողջ տարածաշրջանում ֆինանսավորվել է ավելի քան 260 նոր նախագիծ՝ ընդգրկելով ավելի քան 600 կազմակերպությունների: Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության համաժողովը, որը կազմակերպվում է Եվրոպական Միության Խորհրդում Էստոնիայի նախագահության, Արեւելյան գործընկերության էստոնական կենտրոնի եւ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից, քաղաքացիական հասարակության տարածաշրջանային հարթակ է, որը նպատակ ունի խթանել եվրոպական ինտեգրմանը եւ նպաստել բարեփոխումներին ու ժողովրդավարական փոխակերպումներին տարածաշրջանում: Համաժողովն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ որպես Արեւելյան գործընկերության գագաթաժողովին կից միջոցառում, որն այս տարի անցկացվելու է նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում: eu