Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանական զորքերի գործառույթները կփոփոխվեն (տեսանյութ)

Հասարակություն
police-3

Ոստիկանական զորքերն պետք է ներգրավվեն միայն զանգվածային անկարգությունները խափանելու համար: Այս պահին նրանք նաեւ արտաքին ագրեսիայից պաշտպանողական գործառույթ ունեն, սակայն Ոստիկանությունը նախատեսում է հանրային քննարկումներից հետո փոփոխել այս կարգը եւ ներկայացնել Կառավարությանը:  «Ցույց ցրելու համար զորք չեն ներգրավում: Այն, ինչ դուք տեսել եք, դրանք կանխարգելիչ միջոցառումներ են, եւ նրանց ներկայությունը ապահովվում է, սակայն նրանք հավաքներին չեն միջամտում, եթե, իհարկե, անկարգություններ չեն սկսվում»,- ՀՀ ոստիկանության տարեկան գործունեության արդյունքները ներկայացնելիս ասաց ՀՀ ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը:             Նրա վստահեցմամբ՝ լինելու է պրոֆեսիոնալ ստորաբաժանում, որի հիմնական նպատակներից է  լինելու նաեւ հակաահաբեկչական միջոցառումները. «Զորքերի մասին ոչինչ չեմ կարող ասել, սակայն ոստիկանության այս բարեփոխումների արդյունքում, այո, կարող է որոշակի հաստիքների վերանայման խնդիր լինի: Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ միանման ֆունկցիաներ իրականացնող ստորաբաժանումները միավորվեն մեկ միասնական դեպարտամենտների կամ վարչությունների կազմում»: police1               Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ կասկածվող Կարո Եղնուկյանի երեխաներին ու կնոջը բերման էին ենթարկել, իբրեւ թե  ոստիկանությունը ահազանգ էր ստացել, որ  նրանց մոտ պայթուցիկ կա. «Անհնար է այդ ճանապարհով ակցիաներ խափանելը: Այսինքն, մարդկանց հաջողվեց իրենց ակցիան անցկացնել, ճիշտ է, որոշակի հեռավորության վրա պահում էին՝ անվտանգության նկատառումներից ելնելով, սակայն դա եղանակ չէ՝ միջոցառում խափանելու»: police2 Սեպտեմբերի 27-ին, երբ սննդամթերք տեղափոխող բեռնատարը բախվել էր Հերացի փողոցի թունելի պատին, մի կին մեկ պարկ մակարոն էր գողացել: Փաստի առնչությամբ Քննչական կոմիտեն միջնորդագիր է ներկայացրել Ոստիկանությանը՝ տարածքի ոչ պատշաճ պահպանության վերաբերյալ. «Այստեղ մի մեծ մոլորություն կա, որ դեպքի վայրի պատասխանատուն ոստիկանն է: Ոստիկաններից զատ դեպքի վայրում պատասխանատուներից մեկը հանդիսանում են քննիչները:  Ինչ է՝ մենք էլ նամակ գրենք ՔԿ՝ իրենց քննիչի՞ գործողությունների օրինաչափությունը ստուգել»:  Ինչ վերաբերում է քրեական հեղինակությունների մասնակցությամբ վերջին աղմկահարույց սպանություններին, ապա Հովհաննես Քոչարյանի որակմամբ՝  այն առանձնանում էր իր բացառիկ հանցավոր հանդգնությամբ: Սակայն նա նաեւ վկայակոչում է պաշտոնական ցուցանիշներ, ըստ որոնց՝ 477 դեպքով նվազել են ծանր, իսկ 22 դեպքով առանձնապես ծանր հանցագործությունները: