Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծ Բրիտանիայի պետնախարար. «Մենք 100 տարի առաջ ենք դատապարտել հայերի ջարդերը» (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM0116966

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Ալեն Դանքընը գրեթե անակընկալի էր բերելու հայ լրագրողներին պատասխանելով հայոց ցեղասպանության մասին Մեծ Բրիտանիայի դիրքորոշման մասին հարցին:  «Մեծ Բրիտանիան դեռ 100 տարի առաջ է դատապարտել հայերի ջարդերը: Այսօր ես գնացի հուշահամալիրի թանգարան: Այնտեղ բրիտանական փաստաթղթեր էլ կան»,- ասում է Ալեն Դանքընը: Մինչ այդ, պետական նախարարը ողջունեց, որ Հայաստանը սահմանադրական փոփոխությունների արդյունքում որոշել է անցնել խորհրդարանական կառավարման: Նա նկատեց, որ մի քանի տարի հետո հաստատ հայերը բրիտանացիներին պատմելու բան կունենան կառավարման այդպիսի ձեւի առավելությունների մասին: Հայաստանի արտգործնախարարն այսօր ընդունել էր նրան, որի ժամանակ խոսել են ահաբեկչության դեմ պայքարի համատեղ ջանքերի, ինչպես նաեւ առեւտրաշրջանառության ծավալները մեծացնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Լրագրողներին հետաքրքրիր էր հատկապես «Հայաստան-Սփյուռք» համաժողովում նախարարի հնչեցրած այն միտքը, որ Ղարաբաղի հարցի կարգավորման համար մի քանի շրջաններ պետք է զիջենք: Ո՞ր տարածքներն ի վերջո նկատի ունե Էդվարդ Նալբանդյանը. «Որոշ մեջբերումներ եւ մեկնաբանություններ կոնտեքստից դուրս էին արված: Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների կամ այս հիմնահարցի շուրջ, այլ ես խոսել եմ եռանախագահող երկրների համանախագահողների կողմից 5 հայտարարություններում պարունակվող երեք սկզբունքների մասին, որոնք եռանախագահողների բնորոշմամբ մեկ ամբողջություն են ներկայացնում եւ տարանջատել այս սկզբունքները մեկը մյուսից կամ այդ տարրերը մեկը մյուսից անհնար կդարձնի կարգավորումը, որը Ադրբեջանն է փորձում անել»: Պարոն Նալբանդյանը հիշեցնում է, որ կարեւորագույնը Արցախի կարգավիճակի հարցն է եւ անվտանգության ապահովման հարցը: Հայաստանի մոտեցումները համահունչ են եռանախագահող երկրների կողմից արված հայտարարությունների մեջ պարունակվող առաջարկություններին, որոնք փորձում ենք ընդունել որպես հիմք բանակցությունների համար: Իսկ Ադրբեջանն, ըստ նախարարի, չի ցանկանում դրանց հղում կատարել: Ի դեպ լրագրողները նախարարին խնդրեցին ներկայացնել, թե ինչպիսի դիրքորոշում է ցուցաբերելու Հայաստանը Քուրդիստանի անկախության հանրաքվեին.  «Մենք ակնկալում ենք, որ Իրաքի Հանրապետության իշխանությունները եւ նաեւ Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի իշխանությունները կխուսափեն լարվածությունից եւ հնարավորություն կունենան լուծելու առկա հարցերը»,- ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: