«Դիմորդների թվի նվազումը կապված չէ արտագաղթի հետ». Գ. Մուսայելյան
Այս տարի հայաստանյան բուհեր ընդունվել է 1300-ով պակաս ուսանող, քան անցած տարի: Մասնագետներն ու վերլուծաբանները այդ թվի նվազումը կապում են հիմնականում արտագաղթի, ծնելիության թվի նվազման, ինչպես նաև սոցիալական խնդիրների հետ: «Ա1+»-ի հետ զրույցում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գագիկ Մուսայելյանը նշեց, որ ցուցանիշներն իր սպասվածից ավելի բարձր են եղել: «Ես ակնկալում էի ավելի վատ արդյունք, սակայն տեսնելով վիճակագրությունը` կարելի է փաստել, որ Պոլիտեխնիկական համալսարանում անցած տարվա համեմատ լուրջ փոփոխություններ չկան: Այս տարի մենք ունեցել ենք 1100 տեղ, ընդունվել է 858 դիմորդ, և թափուր է մնացել 242 տեղ: Մեզ մոտ այդ թափուր տեղերը չեն լրացվելու և մնալու են այդպես: Կան բաժիններ, որոնց պահանջարկը մեծ է (Տրանսպորտի բաժին, Փոխադրումների բաժին) և թափուր տեղեր չկան։ Կան բաժիններ, որտեղ վճարովի համակարգում գրեթե ընդունված մարդիկ չկան (Քիմիայի բաժին)»: Գագիկ Մուսայելյանն ընդգծեց, թե ինչ գործոններով է պայմանավորված դիմորդների թվի նվազումը: «Շատերը այդ թվի նվազումը կապում են արտագաղթի հետ, բայց ես ինքս համամիտ չեմ այդ գործոնի հետ: Առաջին հերթին շատացել են հայկական բուհերն ու արտասահմանյան բուհերի մասնաճյուղերը Հայաստանում: Բացի այդ, ունենք միջպետական պայմանագիր, ըստ որի՝ ուսանողները կարող են սովորել և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում: Չենք կարող չանդրադառնալ նաև սոցիալական վիճակին, որը նույնպես ազդում է դիմորդների թվի նվազման վրա: Այսքան գործոնները բնականաբար պետք է ազդեն բոլոր բուհերի ընդունելության թվի վրա»: Գագիկ Մուսայելյանը խոսեց նաև Պոելիտեխնիկական համալսարանի ու արտասահմանյան կազմակերպությունների հետ համագործակցությունների մասին: «Մենք ամեն տարի վերանայում ենք մեր մի շարք մասնագիտությունները և փոխարինում նրանցով, որոնց պահանջարկը ավելի մեծ է: Դրա հետ մեկտեղ ժամանակի առաջընթացն իր հետ բերում է նաև նոր ոլորտների ու մասնագիտությունների պահանջարկ: Դրանով է պայմանավորված նաև այն, որ մենք պատրաստվում ենք համագործակցել հայկական ու արտասահմանյան մի շարք կազմակերպությունների հետ: Օրինակ «Շնայդեր», «Տաշիր», «Սիմենս», ինչպես նաև «Սինփոսիս» կազմակերպությունների հետ: Մենք փորձում ենք ընդլայնել մեր համագործակցության շերտերը հայ ու համաշխարհային կազմակերպությունների հետ»: