Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիվանդանո՞ց կառուցենք, թե՞ գիրք առնենք

Հասարակություն
armen-mart

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հայոց լեզվի պահպանման խնդրին, նշեց, որ բացի ընտրակեղծարարության նյուանսներից, այլ բան չկա մեր երկրում. «Լեզվի միակ պահպանիչն այսօր թարգմանչությունն է, որ պահպանում է այդ նյուանսները։ Այսօր երեք հրատարակչություն մեկ գիրք է հրատարակում` Բորխես։ Դա խոսում է գրահրատարակչության բարդությունների մասին, չկան թարգմանիչներ։ 60 լեզու կա, որից թարգմանություններ​ չկա մեր երկրում, օրինակ` նորվեգերենից։ Սկզբում յոթ, հիմա 18 լեզվից կան թարգմանիչներ։ Փլուզվող, դեգրադացվող, անկիրթ երեւույթ ունենք։ ՀՀ-ում չեն կարդում, պատճառը ինտերնետը չէ, քանի որ բոլոր գրքերն ունեն էլեկտրոնային տարբերակներ։ Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից։ Պետք է գիրք վաճառել, մինչդեռ տարեկան 48 գիրք ենք վաճառում, եւ մի կամ երկու գրադարանում կա տվյալ գրքից։ Մարզային, դպրոցական ոչ մի գրադարանում չկա այն»։ Արմեն Մարտիրոսյանի խոսքով` ԱԺ-ի հետ հրատարակիչները, գրողները պատրաստվում են քննարկում անել գրադարանների վիճակի մասին. «Մոտ 2000 անուն գիրք է հրատարակվում, մի տասը գիրք գրադարանին հասնի, թե չէ։ Կառավարությունը խնդիրը թողնում է համայնքների վրա։ Պաշտոնյաներից մեկն անգամ ասել է` հիվանդանոց կառուցե՞նք, թե՞ գիրք առնենք։ Կարծում եմ` մտավոր առողջությունը ոչ պակաս կարևոր է։ Որպեսզի հասարակությունը կարդա, պետք է ունենա տվյալ գիրքը. տարեկան այդ 2000 անուն գիրքը 6 մլն դրամ կարժենա։ Գերմանիայում կարդացող է համարվում այն մարդը, որ տարեկան 16 գիրք է գնում։ Մեզ մոտ մեկ տոկոսն անգամ, եթե կարդար, ապա տարեկան 20 հազար գիրք պետք է վաճառվեր։ Մենք այլ արժեհամակարգ ունենք, մենք գրքասեր չենք»։ Թարգմանությունների խնդիրը​, ըստ նրա այն է, որ այսօր մենք ընթերցում ենք սովետական թարգմանիչների կողմից թարգմանված գրականություն. «Ֆրանսիական ամբողջ ազատատենչ գրականության մեջ ազատության, անկախության տարրերը հաշվել են, օրինակ «Տարեկանի արտում` անդունդի եզրին» գրքում Աստված բառը թարգմանել են Սատանա։ Իսկ մենք գիտենք, որ սատանան մանրուքների մեջ է»։