Ինչու է Դատախազությունը Ժ. Սեֆիլյանին ու Սասնա Ծռերին իրար կապում (տեսանյութ)
«Սասնա ծռերի» գործով անցնող 14 հոգու վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել դատարան։ Քննչական մարմինը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը կապել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի բանտարկության հետ։ Գործողությունը դիտարկվում է պետությանը հարկադրանք՝ Սեֆիլյանին եւ այլ անձանց ազատ արձակելու համար։ Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասում է. «Դատախազությունը վերջին շրջանում դուրս է եկել իրավաբանությունից, և ավելի շատ բանասիրությամբ է սկսում զբաղվել։ Երբ որ ՊՊԾ գունդը գրավվեց, հայտարարվեց, որ դա քաղաքական ակցիա է և մի շարք պահանջներ դրվեց։ Այդ պահանջները ոչ թե քրեակատարողական հիմնարկից նշված անձանց ազատելն էր, այլ մի քանի պահանջներ էր՝ սկսած նախագահի հրաժարականից»։ Փաստաբանի խոսքով՝ Գլխավոր դատախազությունը փորձում է քաղաքական հարցը բերել քրեական դաշտ։ Ըստ նրա՝ Սասնա ծռերին ու Սեֆիլյանին երկար ժամանակով ճաղերի հետևում պահելու հիմք է պատրաստվում։ «Սա նաև միջոց է, որպեսզի հանրությանը ներկայացվի որպես հանցագործների խումբ։ Փորձ է արվում, որ հենց սկզբից այդ անձինք հեղինակազրկվեն, և ներկայացվեն որպես օրենքով արգելված արարք կատարողներ»։ Քննչական մարմնի բոլոր հայտարարությունները Տիգրան Հայրապետյանը անմեղության կանխավարկածի խախտում է որակում. «Սա անզորությունից է, Դատախազությունը հասկանում է, որ չկա լուրջ ապացույցներ հենց Ժիրայր Սեֆիլյանի հետ կապված, և փորձում է Ժիրայր Սեֆիլյանին ներքաշել այս մեղադրանքների մեջ»։ Փաստաբանը վստահ է՝ հիմնավոր չեն նաև Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքները։ Մի դեպքում նա մեղադրվում է՝ երթեր-ցույցեր կազմակերպելով ժողովրդին իշխանության դեմ լարելու մեջ, ինչն ընդամենը ընդդիմադիր քաղաքական գործունեություն է։ Մեկ այլ պարագայում Սեֆիլյանին վերագրվում է ինչ-որ տարածքներ գրավելու ցանկություն, բայց փաստացի այդպիսի բան տեղի չի ունեցել։ Տիգրան Հայրապետյանը շարունակում է. «Մնացել է զենքի ապօրինի շրջանառությունը՝ շատ լավ հասկանալով, որ այդտեղ երկու ցուցմունք կա, որտեղ զենքի ապօրինի շրջանառությունը չի հաստատվում»։ Ժիրայր Սեֆիլյանի և ևս 6 հոգու գործը դատարանը կլսի մայիսի 26-ին։