«Չորեքշաբթի»-ն ակումբ է, որտեղ ընտանիքներ են կազմվում
Չորս տարի առաջ այս օրը չորեքշաբթի էր, երբ Խ. Աբովյանի անվ ՀՊՄՀ-ում ստեղծվեց «Չորեքշաբթի» գրական ակումբը եւ կոչվեց «Չորեքշաբթի»:
Այսօր բուհի հումանիտար գրականության գրադարանի ընթերցասրահում նշվեց ակումբի 4- ամյակը: Ակումբի հիմնադիր, «Զորավար» հիմնադրամի նախագահ Տիգրան Պետրոսյանցն իր բացման խոսում նշեց, որ կան էլի ակումբներ, որոնք չեն դիմանում ժամանակի փորձությանը եւ լուծարվում են. «Պատճառն այն է, որ կան մարդկային ամբիցիաներ, չբավարարվածություններ, դրա արդյունքում այդ կառույցները երկար չեն կարողանում գոյատեւել: Իսկ մեր «Չորեքշաբթի»-ն ապրեց ու հաղթահարեց իր ծննդյան դժվարությունները: Այս ընթացքում տպագրվել է 4 գիրք, որոնք իրենց մեջ ամփոփել են 200-ից ավելի մարդկանց ստեղծագործություններ՝ սկսած դպրոցից մինչեւ տարիքով մարդիկ: Երբ ստեղծվում էինք, նկատի ունեինք ՀՊՄՀ-ն, սակայն հասկացանք՝ միայն մի կառույցի վրա չպետք է հիմնվել, եւ այն դարձրինք հայաստանյան կառույց: Տարբեր շրջաններից կան մեր ակումբում: Մենք կառույց ստեղծեցինք նաեւ Արցախի համալսարանում, կապ հաստատեցինք Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի հետ: Մեր «Չորեքշաբթի» ակումբում եղել են անգամ զույգեր, որոնք այստեղ ծանոթացել ու այստեղ ամուսնացել են, ընտանիք են կազմել, այստեղ ծնվել են եւ երեխաներ, եւ շատերը պապիկներ են դարձել. հայկական ընտանիքի պես կարողացանք ստեղծել ու կյանք պարգեւել «Չորեքշաբթի»-ին»:
«Չորեքշաբթի» գրական ակումբ են հաճախում նաեւ Գանայից ու Սուդանից ուսանողներ, որոնք սովորում են Դիլիջանի միջազգային դպրոցում:
Ակումբի տարեդարձին ներկա էին ՀՊՄՀ ռեկտորատի ներկայացուցիչներ, Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, բազմաթիվ ստեղծագործողներ, ասմունքողներ, երաժիշտներ, հոգեւորականներ:
Գրական ակումբի տարեդարձին տպագրվել է նաեւ համանուն՝ «Չորեքշաբթի» գրական ժողովածուի 4-րդ հատորը: Այստեղ պարբերաբար տպագրվում է նաեւ բանաստեղծ, ՀԱԿ անդամ Վարդան Գրիգորյանը: Այս համարում տպագրվել է նրանից հինգ ստեղծագործություն՝ «Երկիրս», «Գիշերն էլ իջավ», «Ձյուն» եւ այլն: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց՝ «Չորեքշաբթի» ակումբը մեծ օգնություն է մեր հասարակությանը, գրական աշխարհի մարդկանց. «Չորս տարի առաջ այս օրը նախաձեռնվեց ու ստեղծվեց մի կառույց, որ հետագայում գրականասեր լայն հանրության կողմից պիտի իր անգնահատելի ճանաչմանն արժանանար: Քանի որ օրը չորեքշաբթի էր, իր սլացքը սկսեց «Չորեքշաբթի» գրական ակումբը, որն այսօր էլ պատվով շարունակում է իր ընթացքը: Մի հարկի տակ մեկտեղվել են տարբեր մասնագիտության ու զբաղմունքի անհատներ, ստեղծագործող մարդիկ, ուր թևածում է հայոց գիրն ու գրականությունը, հայոց երկրի պատմությունը, հայ միտքը, հայ խոսքը»: