Կ. Պոլսի Պատրիարքի տեղապահ ընտրվեց Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը
Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին տեղի ունեցավ պատրիարքի տեղապահի ընտրություններ: Տեղապահի ընտրություններին մասնակցում էր երկու հոգի՝ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Ընտրությունների ժամանակ քվեարկությունն իրականացվեց դռնփակ կարգով` պատրիարքարանի 34 հոգևորականների կողմից, որի արդյունքում ընտրողներից 23-ի քվեն ստացած Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրվեց։ Տեղապահ ընտրված Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն այսօրվանից ղեկավարելու է նոր պատրիարքի ընտրության կազմակերպման գործընթացը, ինչպես նաև լինելու է պատրիարքարանի փաստացի ղեկավարը մինչև նոր պատրիարքի ընտրվելը: Եվ արդեն իսկ տեղապահի ընտրված լինելու հանգամանքով, փաստորեն Արամ Աթեշյանն այսօր ևեթ դադարեցրեց փոխանորդի իր պաշտոնի լիազորությունները: