Հայկական հյուրատները որակավորման կարիք ունեն
Հայկական հյուրատների զարգացմանը զուգահեռ՝ հասունացել է դրանց որակավորման անհրաժեշտությունը։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Հյուրատների զարգացման հայկական ասոցիացիայի փոխնախագահ Սերգեյ Դավթյանը։
Նրա խոսքով, Ասոցիացիայի ներկայացուցիչները պատրաստվում են այդ հարցը քննարկել Զբոսաշրջության պետական կոմիտեի հետ։ «Հյուրատները Հայաստանում համատարած զարգանալով և կատարելագործվելով ՝ զբոսաշրջության առանձին օղակ են ձևավորել, հետևաբար, որակավորման կարիք ունեն: Այստեղ խոսքը հյուրանոցային աստղերի շնորհման մասին չէ, այլ մինիմալ չափորոշիչներին համապատասխանելու մասին»,- ասաց նա։
Ըստ Ս. Դավթյանի, չնայած հյուրատների այցելուները շատ պահանջկոտ չեն, սակայն դա իրավունք չի տալիս սեփականատերերին թերանալու, քանի որ մեկ անհաջող ընդունելությունը կարող է ընդհանուր բացասական կարծիք ձևավորել։ Դա կարող է հանգեցնել բոլոր հյուրատների գործունեության խափանմանը: Որակավորումը, որպես պետության պարտադիր պահանջ, կստիպի սեփականատերերին ավելի պատվախնդրորեն մոտենալ իրենց գործին և որակյալ սպասարկում ապահովել զբոսաշրջիկների համար։ Նրա խոսքով, հյուրատունը կազմակերպվում է նույն առանձնատանը, սեփականատիրոջ բնակարանում, սակայն ի տարբերություն սովորական վարձվող առանձնատների, պետք է ունենա հյուրերի համար նախատեսված հարկաբաժիններ, ննջասենյակներ և սանհանգույցներ, և, իհարկե, առանձնացված սպասք և անկողնային պարագաներ:
Ասոցիացիայի փոխնախագահը համոզված է, որ Հայաստանում առկա են բոլոր պայմանները հյուրատնային բիզնեսով զբաղվելու համար, ներառյալ հարկային արտոնություններ և գրանտային աջակցություն։ «Երեք տարի առաջ ընտանեկան ձեռնարկությունները ազատվեցին բոլոր տեսակ հարկերից։ Դա հնարավորություն է տալիս ավելի ընդլայնվել և ամրանալ, իսկ հետագայում արդեն մտնել այլ հարկային դաշտ և եկամուտ բերել պետությանը» ,- նշեց նա։
Ըստ նրա, հյուրատների նկատմամբ շարունակական աճող պահանջարկը պայմանավորված է նրանով, որ դրանք ավելի մատչելի են և հետաքրքիր զբոսաշրջիկների համար, քան հյուրանոցների ստանդարտ ծառայությունները։ Ի տարբերություն արտասահմանյան հյուրատների կամ գեստհաուսների, որոնք պարզապես հյուրանոցներին մատչելի այլընտրանք են, հայկական հյուրատները դարձել են այլընտրանքային զբոսաշրջության մի ուրույն ճյուղ, քանի որ այցելուների համար կազմակերպում են ավելի իմաստալի և բովանդակ հանգիստ:
«Բացի գիշերակացից և սննդից, նրանք տրամադրում են գյուղական կենցաղավարության մեջ ներգրավվելու, ազգային ավանդույթներին ներքուստ ծանոթանալու հնարավորություն: Այցելողները ապրում են սեփականատերերի հետ, մասնակցում նրանց գյողատնտեսական բնույթի գործերին, ստանում վարպետաց դասեր, օրինակ, օղեթորման, մեղրաքամի կամ ավանդական ուտեստների պատրաստման: Նաև հյուրատները կազմակերպում են զբոսարշավներ տարածքի տեսարժան վայրերով, այցելություններ պատմամշակութային հուշարձաններ, արկածային տուրեր բնության գրկում»,- նշեց Ս. Դավթյանը։
Հյուրատնային մշակույթը զարգացում է ապրել Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում՝ որպես այլընտրանքային տուրիզմի տեսակ՝ գյուղական և էկոտուրիզմին զուգահեռ: Դրանք առկա են Հայաստանի բոլոր մարզերում, սակայն առավել կենտրոնացած են և ակտիվ այն վայրերում, որտեղ զարգացած են պատմամշակութային, գյուղական, էկո, արկածային կամ զբոսաշրջության այլ ճյուղերը։ Հյուրատների զարգացման հայկական ասոցիացիան հիմնվել է 2013 թվականին, այսօր այն ունի 45 անդամ։