Սահմանամերձ գյուղը Երևանի կենտրոնից լուսավոր է (տեսանյութ)
«Լուսավոր սահման» կամավորական նախաձեռնությունը նոր է վերադարձել Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղից, ուր բնակիչների տներում տեղադրել է էներգախնայող լամպեր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշեց, թե ծրագիրն իրականացվում է՝ սահմանամերձ համայնքների բնակիչների հոգսը թեթևացնելու համար. «Լամպերն ապահովում են մինչև 50 տոկոս խնայողություն: Այսինքն, յուրաքանչյուր ընտանիք ամսական ամենաքիչը 4000 դրամ է խնայում: Ամեն գյուղից հետո, երբ մարդիկ շփվում են և տեսնում են, որ խնայողությունը ռեալ է, ձնագնդիի նման մեծանում է նախաձեռնությունը»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ լուսադիոդային (LED) լամպեր են տեղադրել արդեն Հայաստանի և Արցախի սահմանամերձ յոթ գյուղերի տներում: Նախաձեռնության կազմակերպիչները նշում են, որ նպատակ ունեն էներգախնայող լամպեր տեղադրել ՀՀ սահմանամերձ 36 և Արցախի բոլոր գյուղական համայնքներում: «Լուսավոր սահմանն» այդ նպատակով արդեն հավաքել է մոտ 21 միլիոն դրամ: Ծրագրի մեկնարկը տրվել է 2016 թվականի նոյեմբերին, բայց թե երբ կավարտվի, դա կախված է արդեն միջոցներից: Փոխնախարարի խոսքով՝ ամեն երկու շաբաթը մեկ նախատեսվում է մեկ գյուղի լեդաֆիկացում: Հայկ Հարությունյանն իր խոսքում ընդգծեց, որ լամպերի տեղադրումը, բացի խնայողությունից, իր հետ այլ դրական բան է բերել. «Կոմֆորտի բարձրացում. մարդիկ սկսեցին սենյակներում նորմալ լույս վառել՝ առանց մտածելու, որ մեծ ծախսեր են լինելու: Օրինակ, Աստղաշեն գյուղը հեռվից Երևանի կենտրոնից ավելի լուսավոր է: Մեր գաղափարներից մեկը կայանում է հենց դրանում՝ ստեղծել մատչելի էներգիայի աղբյուր, բարձրացնել էլեկտրաէներգիայի հասանելիությունը»,-նշեց Հայկ Հարությունյանը: Ի դեպ, «Լուսավոր սահմանը» յուրաքանչյուր ընտանիքի տրամադրում է մինչև 5 LED: