7641 փորձաքննություն. հաշմանդամություն է սահմանվել 6284 անձի
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 18 տարածքային մարմինների կողմից 2017թ.-ի հունվարի 23-ից փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել են 7641 փորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 6284 անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 1356 անձ: Առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 1720 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 1345 անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 375-ը: Այս դեպքում հաշմանդամ չճանաչված անձինք, այն հիվանդություն ունեցող անձինք են, ում մոտ դեռևս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամ ունեն աննշան խանգարում, հետևաբար այս անձինք ունեն առողջապահական համակարգում բուժումներ և դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտ հիվանդությունը չխորանա, օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվեն և հետագայում անձը հաշմանդամություն ձեռք չբերի: Ըստ հաշմանդամության խմբերի` I–ին խումբ` 75 անձ II-րդ խումբ` 293 անձ III-րդ խումբ` 846 անձ «Հաշմանդամություն ունեցող երեխա» կարգավիճակ սահմանվել է 131 երեխայի: Վերափորձաքննություն իրականացվել է 5921 անձի, որից հաշմանդամություն է սահմանվել 4939 անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 982-ը, այս դեպքում բուժման և վերականգնողական միջոցառումների արդյունքում այդ անձանց մոտ վերականգնվել են ֆունկցիաների խանգարումները, կենսագործունեությունը չի սահմանափակվել և նրանք հաշմանդամ չեն ճանաչվել: Վերափորձաքննվածներն ըստ խմբերի` I–ին խումբ` 70 անձ II-րդ խումբ` 860 անձ III-րդ խումբ` 3.762 անձ Հաշմանդամություն ունեցող երեխա կարգավիճակ սահմանվել է 247 երեխայի: Վերափորձաքննվածներից` ա) ավելի թեթև հաշմանդամության խումբ է սահմանվել 269 անձի, այսինքն՝ այդ անձանց մոտ գրանցվել է ֆունկցիաների խանգարման և կենսագործունեության սահմանափակման վերականգնում (օրինակ՝ հաշմանդամության երկրորդ խմբից՝ երրորդ խումբ կամ առաջինից՝ երկրորդ խումբ): բ) հաշմանդամության խմբերի ծանրացումը կազմել է 110, այսինքն, այդ անձանց մոտ գրանցվել է ֆունկցիաների խանգարման վատթարացում և կենսագործունեության սահմանափակման խորացում /երրորդ խմբից՝ երկրորդ կամ երկրորդից՝ առաջին խումբ/: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին