Ակտիվիստը պահանջում է արդարացնել իրեն
Բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը եւ կայացնել արդարացման դատական ակտ: 2 տարվա ազատազրկման դատապարտված Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը նման պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել: «Դատալեքս» տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ բողոքն արդեն մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ռուբիկ Մխիթարյանին, Սերգեյ Չիչոյանին եւ Մհեր Արղամանյանին: Հիշեցնենք, որ 2016 թ Ամանորի գիշերը Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձից հետո Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Գեւորգ Սաֆարյանը պարբերաբար դատարանում հայտարարում էր, որ ամբաստանյալի աթոռին ոչ թե ինքը պետք է նստած լիներ, այլ Գեղամ Խաչատրյանը: Գեւորգ Սաֆարյանը միջադեպից հետո վնասվածքներ էր ստացել: