Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանկերը պատրաստ չեն գումար վճարել կիբերանվտանգության համար»

Կարևոր լուրեր Հասարակություն
unnamed-15

«Հայաստանում համակարգիչ ունեցող յուրաքանչյուր անձ, օգտվելով համացանցից, տարվա ընթացքում մինչև 13 անգամ հանդիպում է սպառնալիքի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին: «Մենք ապրում ենք թվային միջնադարում», -կարծում է նա՝ ընդգծելով, որ այսօր աշխարհում գրեթե ամեն բան կառավարվում է թվային համակարգով, և այդ իսկ պատճառով կիբերհանցագործությունների թիվն արագորեն աճում է. «Ամեն օր համացանց է ընկնում 300 հազար նոր վիրուս, և յուրաքանչյուր տարի կիբերհանցագործության արդյունքում աշխարհը կորցնում է 400-500 հազար միլիարդ դոլար: Կիբերհանցագործություններն ավելի վտանգավոր են, քան փողոցային հարձակումները»,-նշեց նա: «Կասպերսկի Լաբորատորիայի» ուսումնասիրության համաձայն՝  2016 թվականին Հայաստանում օգտատերերի 40 տոկոսը ենթարկվել է համացանցային սպառնալիքի: Ընդ որում՝ սպառնալիիք տակ է ցանկացած տիպի սարք և օպերացիոն համակարգ: Կիբերհարձակումներից պաշտպանված չեն անգամ բանկերը: «Վերջին դեպքը, երբ Երևանում բանկոմատներից 133 միլիոն դրամ էր հափշտակվել, դրա վառ ապացույցն է», -ասաց Հայաստանում «Կասպերսկի Լաբորատորիայի» պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը: Նրա խոսքով՝ հայաստանյան բանկերը չեն գիտակցում անվտանգության կարևորությունը: «Նրանք պատրաստ չեն գումար վճարել կիբերանվտանգության ապահովման համար»: Ի դեպ, վաղը Եվգենի Կասպերսկին հանդիպում է ունենալու վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ քննարկելու հնարավոր համագործակցության ոլորտները: