Բացել լրահոսը Փակել լրահոսը
953c1259-36c5-4b91-8224-9656fd33a8f2
A A
Քաղաքականություն

Ինչ հետևանք կարող է ունենալ Փաշինյանի հայտարարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում է հրապարակայնորեն պատժել ՏԻՄ ընտրություններում ճնշումներ գործադրող պաշտոնյաներին։

Անդրադառնալով ընտրական ապօրինությունների վերաբերյալ ահազանգերին՝ ՀՀ վարչապետը կոչ է արել ընտրողներին և թեկնածուներին նման դեպքերի մասին հայտնել անձամբ իրեն։ Նա ընդգծել է, որ պնդումները հիմնավորվելու պարագայում մեղավորները ենթարկվելու են հրապարակային պատժի։ 

«Նա հերթական անգամ իրավապահ համակարգի ֆունկցիաները դարձնում է իր անձնական գործիքը։ Ի վերջո, Հայաստանում կան իրավապահ կառույցներ, որոնց պարտականությունների մեջ է մտնում սահմանադրական կարգի պահպանումը, ընտրություններում տեղ գտած խախտումներին արձագանքելն ու իրավական ընթացք տալը։ Իսկ Փաշինյանը, այս նախաձեռնությունը որպես իբրև բարի կամք ներկայացնելով, իրականում ապահովագրում է սեփական իշխանությունը՝ ակնառու ընտրախախտումները հետագայում քողարկելու համար»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Իսկ կուղարկի՞ ԱԺ պատգամավորը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ահազանգերը Նիկոլ Փաշինյանի էլ. հասցեին.

«Ես, Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունների շրջանակում գործելով, Ազգային ժողովի ամբիոնից՝ հրապարակային ուղիղ եթերով, կոնկրետ իրավախախտումների մասին խոսել եմ։ Վաղը Փաշինյանը կարող է հայտարարել. "Խնդրում եմ՝ ում ազգականը մահացել է, մեյլով տեղեկացրեք": Հաջորդ օրն էլ ասի՝ Հայաստանում մահացություն չկա, քանի որ որևէ մեկը չի տեղեկացրել, թե մարդ է մահացել»,- հավելում է ԱԺ պատգամավորը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում անձնիշխան կառավարման համակարգ է, Նիկոլ Փաշինյանի կողմից ցանկացած հայտարարություն կամ գործողություն կարող է իրականություն դառնալ.

«Եթե նա իրոք գտնի, որ որևէ պաշտոնյա այս կամ այն ձևով ճնշում է գործադրում ՏԻՄ մարմիններում՝ ազնիվ ու արդար ընտրական մեխանիզմը խափանելու համար, կարող է պատժելու մեխանիզմներ գտնել։ Պաշտոնից կհանի, հետո դատաիրավական համակարգին կասի, թե կարծում է, որ տվյալ անձը օրենք է խախտել։ Անմիջապես թե՛ Դատախազությունը, թե՛ Քննչական կոմիտեն քրեական գործ կհարուցեն. իրենք էլ են հասկանում, թե Հայաստանում կառավարման ինչպիսի համակարգ է գործում»,- նշում է Արմեն Բադալյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում ՏԻՄ ընտրություններն իրենցից էական ոչինչ չեն ներկայացնում։ Որպես օրինակ՝ նա բերում է Գյումրիի և Վանաձորի ընտրությունները կամ այն տարբերակը, եթե այս ընտրություններում Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը հաղթի։

«Նիկոլ Փաշինյանը փորձում է երևալ որպես ժողովրդավար՝ շատ լավ հասկանալով, որ ՏԻՄ ընտրությունը Հայաստանում ոչ մի բան չի ներկայացնում։ Սա ընդամենը անիմաստ ռեսուրսների վատնում է։ Անհասկանալի է, թե ընդհանրապես ինչու է ընդդիմությունը մասնակցում նման միջոցառումների, որոնք իրեն ոչինչ չեն տալիս»,- հավելում է քաղտեխնոլոգը։

Իսկ «Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ վարչապետի նման հայտարարությունը կարող է անվստահություն ձևավորել իրավապահ մարմինների նկատմամբ.

«Վարչական ճնշումը քրեորեն հետապնդելի արարք է։ Ճիշտ կլիներ, որ իրավապահ մարմինները նման հայտարարությամբ հանդես գային, կամ ինքը դիմեր իրավապահներին, որպեսզի վերջիններս հետևողական լինեն յուրաքանչյուր դեպքով քննություն իրականացնելու և համապատասխան իրավական միջոցներ ձեռնարկելու հարցում»,- նշում է Արթուր Սաքունցը։

«Անկախ դիտորդ»-ն ահազանգեր արդեն ստանում է։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի մարդիկ տարբեր պատճառներով չխուսափեն բարձրաձայնելուց։

Առաջին հերթին, ըստ Արթուր Սաքունցի, պետք է դիմել քաղաքացիներին և կոչ անել, որպեսզի թույլ չտան ճնշման որևէ դեպք, իսկ ճնշումների պարագայում անհապաղ դիմեն իրավապահ մարմիններին, որովհետև խոսքը քրեորեն հետապնդելի գործողությունների մասին է։

«Անկախ դիտորդ» դաշինքի համակարգողը միաժամանակ համաձայն չէ այն մտքի հետ, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պետական համակարգի չգործելու նշան է․ «Եթե պետական համակարգը չգործեր, Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի կողմից ընտրակաշառքների փաստերով քրեական գործեր չէին հարուցվի»։

Հիշեցնենք, որ այս տարի հանրապետության 70 համայնքներից կեսում ՏԻՄ ընտրություններ են նշանակված, իսկ հոկտեմբերի 25-ին ընտրություններ տեղի կունենան ևս 19 համայնքում։