Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-10-20_12-07-06 (2)
A A
Բիզնես Հասարակություն

Հայ աստղաֆիզիկոսի հիմնադրած փառատոնը միավորել է գիտությունն ու երաժշտությունը՝ ճշմարտության փնտրտուքի ճանապարհին

«Հատուկ երեկո Տեներիֆեում, որտեղ երաժշտությունը, գիտությունը և արվեստը միավորվել են նույն երկնքի տակ»,- սոցցանցի իր էջում գրել է իտալացի աշխարհահռչակ օպերային երգիչ Անդրեա Բոչելին։

Լեգենդար իտալացի տենորի այս գրառումը վերաբերում է գիտության ու մշակույթի ոլորտում հայտնի STARMUS փառատոնին, որը հոկտեմբերի 17-22-ը անցկացվում է իսպանական Տեներիֆե կղզում։ Այս գրառումից ժամեր առաջ լեգենդար Բոչելին մի քանի հրաշալի կատարում էր նվիրել մասնակիցներին փառատոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։

Հիշեցնենք, որ STARMUS-ը հիմնադրել է Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս, դոկտոր Գարիկ Իսրայելյանը։ Հիմնադիրներից է նաև «Քուին» խմբի լեգենդար գիտառահար Բրայան Մեյը։ Առաջին փառատոնն անցկացվել է 2011թ․նորից Տեներիֆեում։ 2026-ին լրանում է հիմնադրման 15 տարին։ Այս մեկը 8-րդն է STARMUS-ի կյանքում։ Իհարկե, եղել են նաև միջանկյալ փառատոներ, որոնք այս ութի մեջ չեն մտնում։ Իսկ 6-րդ փառատոնն անցկացվեց Հայաստանում՝ 2022թ․։

Այս տարի STARMUS-ի խորագիրն է «Ճշմարտության որոնումը» կամ «Ճշմարտության փնտրտուքը»։ Եվ փառատոնի 6 օրերին մասնակիցներն ու բանախոսները՝ աստղագետներից մինչև բնապահպաններ, տիեզերագնացներից մինչև արհեստական բանականության, քիմիայի ու ֆիզիկայի, մշակույթի աշխարհի գերհզորներն ու պարզապես հետաքրքրասերները կփորձեն փնտրել կամ գտնել ճշմարտությունն իրենց իսկ ընկալմամբ։

2026 թվականը STARMUS-ի կյանքում հոբելյանական է այն առումով, որ լրանում է աշխարհահռչակ ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոկինգի անվան մեդալի հիմնադրման 10-րդ տարին։ Ի դեպ նա STARMUS-ի մեծ բարեկամներից էր։

Հոկինգի անվան մեդալը շնորհվում է 2016 թվականից և տրվել է այն անձանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել գիտության մեջ։ Նախկինում այդ մեդալը ստացել են նույն Բրայան Մեյը, հայտնի պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը։ Այս տարի Հոկինգի մեդալին արժանացան «Արտեմիս 2»-ի՝ Լուսնի շուրջ իրականացված առաջին մարդատար առաքելության երեք աստրոնավտներ Ռիդ Ուայզմանը,

Ջերեմի Հանսենը և Վիկտոր Գլովերը։ «Ինչպես գիտեք, STARMUS-ը ծնվել է Կանարյան կղզիներում՝ Տեներիֆեում և Լա Պալմայում։ Նիլ Արմսթրոնգը, Բազ Օլդրինը, Ալեքսեյ Լեոնովը, Ուիլ Անդերսը և Չարլի Դյուքն են մասնակցել առաջին փառատոնին։ Մենք չէինք պատկերացնում, որ 15 տարի անց մարդկությունը նորից Լուսին կուղևորվի, և մենք այստեղ կլինենք «Արտեմիս 2»-ի աստրոնավտների հետ»,- մեդալների հանձնման ժամանակ հայտարարեց Գարիկ Իսրայելյանը։

«Արտեմիս 2»-ի հրամանատար Ռիդ Ուայզմանն ու մյուս աստրոնավտներն էլ պատմեցին Երկիր մոլորակին տիեզերքից նայելու ու հետո Երկիր վերադառնալու զգացողությունների մասին։ «400 հազար կիլոմետր հեռավորության վրա Երկիրը շատ փոքր՝ բութ մատի չափ է երևում։ Ինչպիսի՞ն են զգացողությունները, երբ Լուսնի մյուս կողմից ես նայում այդ փոքրիկ Երկրին։ Միակ բանը, որ այդ պահինզգում ես, սերն է, խաղաղությունը, հույսը և միասնությունն են։ Սրանք են այն բառերը, որ ցույց են տալիս այդ պահի զգացողություններդ։ Իսկ երբ վերադառնում ես մեր գեղեցիկ մոլորակ, հասկանում ես, որ քեզնից է կախված վաղվա օրն ավելի լավը դարձնելը։ Եկեք բոլորս ընտրենք վաղվա օրն ավելի լավը դարձնելու ճանապարհը»,- նշեց «Արտեմիս 2»-ի հրամանատար Ռիդ Ուայզմանը։

Ջերեմի Հանսենն էլ խոսեց Երկիր մոլորակի հանդեպ ավելի հոգատար լինելու մասին։ «Երբ նայում ես մոլորակին տիեզերքից, այն հիասքանչ է, բայց ես հիշում եմ, թե ինչ է կատարվում Երկրի վրա։ Իհարկե, տիեզերքից ամեն ինչ չի երևում, փոխարենը տեսնում ես, թե մենք՝ մարդիկս, մեզ շնորհված ինչպիսի պարգև ունենք։ Ու նորից հիշում ես, թե ինչ է կատարվում մեր մոլորակի վրա, թե ինչ ենք անում մեր մոլորակի հետ։ Մենք չենք կարող ամեն բան շտկել մի կախարդական հարվածով, բայց դա ինձ չի հուսահատեցնում։ Եթե հիշենք, որ պետք է ամեն օր արթնանանք ու մեր էներգիան դրական ուղղությամբ օգտագործենք, մեր աշխարհն էլ ավելի լավը կդառնա։ Երբեք չթերագանահատեք ձեզ, դուք իրական ազդեցություն եք թողնում աշխարհի վրա»,- հավելեց Ջերեմի Հանսենը։

Այս տարի փառատոնը հիմնել էր նաև Սթիվեն Հոքինգի կրտսեր մեդալը՝ այն առաջինը տրվեց իսպանացի ակտիվիստ Վալերիա Կորալեսին։

Առաջին անգամ տեղի ունեցավ նաև պրիմատոլոգ Ջեյն Գուդոլի անվան մեդալի՝ Jane Goodall Earth Medal-ի հանձնման արարողությունը։ Ջեյն Գուդոլը մահացավ մեկ տարի առաջ, նա STARMUS-ի խորհրդատվական խորհրդի անդամ էր, բանախոս և փառատոնի կարևորագույն դեմքերից մեկը։ Նրա անվան մեդալը ստեղծվել է նշանավորելու մարդկանց, ովքեր իրենց ձայնը միշտ լսելի են դարձնում Երկիր մոլորակի ու կենսաբազմազանության պահպանման հարցում։ Եվ պրիմատոլոգի անվան առաջին մեդալը տրվեց STARMUS-ի համահիմնադիր, աստղաֆիզիկոս, ինչպես նաև Queen խմբի հայտնի կիթառահար և փառատոնի առաջին՝ Սթիվեն Հոկինգի անվան մեդալակիր Բրայան Մեյին՝ տարիներ շարունակ իր «Save Me» («Փրկիր ինձ») բարեգործական կազմակերպության միջոցով բնապահպանական ծրագրեր իրականացնելու համար։ «Երբ Ջեյնի հետ պատրաստում էինք այս ամենը, մտքովս չէր անցնում, որ ես կդառնամ մրցանակի դափնեկիրը։ Ինձ որոշ չափով անարժան եմ զգում, բայց ուրախ եմ, որ նրա ժառանգության մասն եմ կազմում»,- ասաց Բրայան Մեյը։


Ջեյն Գուդոլի մեդալին արժանացավ նաև Կրիստինա Ֆիգերեսը, իսկ Jane Goodall Earth Junior Medal-ը հանձնվեց 11-ամյա բնապահպան Անիշվար Կունչալային։

Իսկ փառատոնի բացման արարողությունը զուգորդվում էր Լա Պալմայի սիմֆոնիկ նվագախմբի,ինչպես նաև մի շարք հայտնի երգիչների կատարումներով։ Իսկ միջոցառումը եզրափակվեց STARMUS-ի ավանդական «Աստղերի սիմֆոնիա» համերգով, որի ընթացքում Անդրեա Բոչելին միացան Բրայան Մեյը, անգլիացի սոպրանո Սառա Բրայթմանը,իսպանացի սոպրանո Կարմեն Աքոստան,միջազգային ճանաչում ունեցող ջութակահար Ռուսանդա Պանֆիլին և լեգենդար դաշնակահար Ռիք Ուեյքմանը։ Միջոցառումը վարում էր և ավարտին երգեց կանադացի հայտնի տիեզերագնաց և երաժիշտ Քրիս Հադֆիլդը։

Այս տարի կյանքից հեռացած բրիտանացի պրիմատոլոգ Ջեյն Գուդոլի պատվին ստեղծված մեդալը, որը կոչվելու է Starmus Jane Goodall Earth medal, շնորհվելու է նրանց, ովքեր ջանքեր են գործադրում մեր մոլորակի ու կենսաբազմազանության պահպանման համար։ Առաջին դափնեկիրների անունները հայտնի կդառնան 2026թ․ հոկտեմբերի 17-ից 22-ը Թեներիֆեում եւ Լա Պալմայում կայանալիք Starmus VIII փառատոնի ընթացքում։