Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պլաստմասե շիշը օդ նետելու համար` 3,6 տարվա ազատազրկում (տեսանյութ)

Հասարակություն
tigran

Նախորդ տարի հուլիսին Խորենացիի դեպքերից հետո 23-ամյա  Տիգրան Ավագյանը առաջին ատյանի դատարանի կողմից 3,6 տարվա ազատազրկման դատապարտվել է պարզապես պլաստմասե  շիշը օդ նետելու համար։ Նրա պաշտպանը անհիմն է համարում  ոստիկանի նկատմամբ բռնության մեղադրանքը։ «Որեւէ այլ փաստ կամ ապացույց գոյություն չունի գործում, որ Տիգրան Ավագյանը որեւէ մեկին հարվածել է, որեւէ գործողության է մասնակցել, որն ուղղված է ոստիկաններից մեկի դեմ, չկա նման ապացույց»,- ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը  3 տարուց ավելի է դատապարտել Տիգրանին՝ համարելով, որ սա նրա կատարած երկրորդ հանցագործությունն է։  Առաջին անգամ նա  պայմանական ազատազրկման է  դատապարտվել  Արցախում. «ԼՂՀ-ն միջազգային իրավունքի սուբյեկտ չի հանդիսանում եւ դատարանը չէր կարող կիրառել»: Պաշտպան Արայիկ Պապիկյանը վերաքննիչ դատարանից պահանջում է ամբաստանյալ Տիգրան Ավագյանի նկատմամբ նշանակել մեղմ պատիժ եւ ՀՀ Քր.օր. 70 հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել: «Դատարանը բաց տեքստով նշել է, որ եթե չլիներ այդ դատական ակտը, կքննարկվեր Տիգրան Ավագյանի նկատմամբ պայմանական պատիժ նշանակվելու հարցը:  Կարծում եմ, որ սա բավարար հիմք կլինի, որ դատարանը բավարարի Տիգրան Ավագյանի նկատմամբ կայացած դատական ակտը»,- ավելացրեց պաշտպանը: Զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Տիգրան Ավագյանը դատաքննության ժամանակ մեղքն    ընդունել է մասնակի :  Այս գործով եւս տուժող է ճանաչվել  46 ոստիկան:  «Ինքը հայտարարեց, որ ընդունում է մեղքը, սակայն առաջադրված մեղադրանքի էությունը չի ընդունում:  Սա շատ կարեւոր խնդիր է, նուրբ իրավաբանություն: Ոչ Տիգրան Ավագյանը եւ ոչ էլ որեւէ մեկը այս գործով 46 ոստիկանի վնաս չի հասցրել»,-նշեց պաշտպան Արայիկ Պապիկյանը:  Վերաքննիչ դատարանում այսօրվա նշանակված դատական նիստը չկայացավ: Դատավորների կազմը համալրված չէր, ուստի նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 30-ը: