Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը նվիրված է մարդու իրավունքներին (տեսանյութ)
Փետրվարի 18-24-ը Երեւանում եւ մարզերում կանցկացվի Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը։ Այս տարի փառատոնում ներառված 7 ֆիլմերը կցուցադրվեն 4 անգամ, 2 անգամ անգլերեն եւ 2 անգամ հայերեն եւ ռուսերեն ենթագրերով։ «Այս տարվա ծրագիրը ներառում է ֆիլմեր, որոնք նվիրված են մարդու իրավունքների պաշտպանությանը։ Մարդու իրավունքների խթանումը գերակայություն է բրիտանական կառավարության համար։ Ֆիլմը գերազանց միջոց է աշխարհին նայելու այլոց աչքերով եւ մտածել տարբեր խնդիրների մասին։ Պատահական չէ, որ այս տարի նախատեսում ենք փառատոնը բացել 80-ամյա ռեժիսոր Քեն Լոուչի՝ «Ես՝ Դենիել Բլեյք» ֆիլմով, որն արդեն արժանացել է Կաննի ոսկե արմավենու, ինչպես նաեւ հաղթել է BAFTA –ի «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում»,-փառատոնի բացմանը նվիրված ասուլիսում ասաց ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։ Փառատոնի ընթացքում կկազմակերպվեն նաեւ վարպետության դասեր, որոնց ավարտին կկազմակերպվեն մրցույթներ։ Մասնավորապես, ֆիլմերում հատուկ էֆեկտների մասնագետ Քերոլայն Պիրսը դասընթացներ կանցկացնի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, կկազմակերպվի ֆոտոմրցույթ, ապա նաեւ Մարդու իրավունքներին նվիրված դասընթաց կանցկացվի Սլավոնական համալսարանում։