Կիրականացվի «Հարավ-Հյուսիս անաղբ Հայաստան» ծրագիրը
«Բնապահպանության նախարարությունում նոր թափ են հաղորդում ներդրումային ծրագրերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ նախարարության թիվ մեկ քաղաքականությունը շրջակա միջավայրի պահպանությունն է, որի համար առաջարկվում է բնապահպանական և բնօգտագործման վճարներն ամբողջությամբ ուղղել դրան: «Երկրորդ կարևոր գործիքը Համաշխարհային բանկի կողմից առաջարկվող և հաջողված կիրառում ունեցող պարտքի դիմաց բնապահպանական ծրագիրն է, երբ երկու երկրների միջև կա պարտք, պարտատեր երկիրը կարող է պարտքը զիջել՝ բնապահպանական որևէ ծրագրի դիմաց: Երրորդ կարևոր գործիքը մասնավոր ներդրումներն են, որոնք կարող են արդյունավետորեն ներդրվել բնապահպանական այն ոլորտներում, որտեղ մասնավորը կարող է ակնկալել շահ»,-ասաց Մինասյանը՝ նշելով, որ նախարարությունն այս պահին 420 մլն ԱՄՆ դոլարի գաղափար ունի, որից 187 մլն ԱՄՆ դոլարի չափով ներդրումային ծրագրեր կան: Բացի սա, դրամաշնորհների հաշվին նախարարությունն այս տարի պատրաստվում է երկու ազգային պարկ ստեղծել՝ Ջերմուկում և Տաթևում: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի արդյունավետ կառավարման նպատակով ծրագրի իրականացման համար ակնկալում են 130 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ներդրում: «Նախատեսում ենք առնվազն 20 ավտոմատ կառավարման համակարգ ներդնել, ինչը թույլ կտա առանց մարդու միջամտության անջատել, կասեցնել, վերաբացել և վերանայել ձկնաբուծական տնտեսություններում ջրի օգտագործման ծավալները»,-ասաց նախարարը: Նախարարությունը զարկ է տալու նաև էկոտուրիզմին. «Գառնիի հանրահայտ քարերի սիմֆոնիայում նախատեսում ենք կառուցել ճոպանուղի և կամուրջ, որպեսզի զբոսաշրջիկներին տեղաշարժվելն ավելի հարմար լինի: Նախնական գնահատումներով՝ ծրագիրը 5 մլն եվրոյին համարժեք միջոցներ է գեներացնելու»,-նշեց Արծվիկ Մինասյանը: Նախարարը խոսեց նաև կառավարության՝ հանքարդյունաբերող ընկերությունների նկատմամբ մեղմացնող պայմաններ կիրառելու որոշման մասին՝ նշելով, թե դա արվում է արդարության սկզբունքը պահպանելու համար: «Փոփոխության էությունը հետևյալն է՝ հանքարդյունահանող ընկերություններն այսօր վճարում են բոլոր այն նյութերի համար, որոնք չեն կորզվում իրենց կողմից որպես եկամտի աղբյուր: Օրինակ, եթե պղինձի խտանյութն է եկամտի աղբյուրը, դրա հետ կարող են լինել նաև այլ մետաղներ, որոնք հանքարդյունահանողին պետք չեն, բայց նա ստիպված վճարում է նաև դրա համար: Իրենք առաջարկել են, որ վճարումը կատարվի կոնկրետ այն մետաղի համար, ինչը իրենց եկամտի աղբյուրն է»: Բնապահպանության նախարարությունը հետևելու է նաև աղբահանության խնդրին: Այդ նպատակով այս տարի իրականացնելու են «Հարավ-Հյուսիս անաղբ Հայաստան» ծրագիրը: Նախարարն անդրադարձավ նաև ձնհալի հետևանքով հնարավոր սելավների կանխարգելմանը՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում. «Ճիշտ է, դրա համար բնապահպանության նախարարությունը չէ պատասխանատու, բայց ես միշտ ասել եմ, որ քանի դեռ նախարար եմ՝ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած խնդրով զբաղվելու եմ: Մեզ մոտ հանդիպում-քննարկում է եղել բնապահպանների, ջրային տնտեսության պետական կոմիտեի, ինչպես նաև քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Բոլոր շահագրգիռ կառույցներին, այդ թվում և՝ ԱԻՆ-ին, խնդրելու ենք հարցին ուշադրություն դարձնել, սխեմաներ մշակել, ինչպես նաև միջազգային փորձագետների հրավիրել ոչ միայն սելավատարերի, այլև առհասարակ ջրային համակարգերի ուսումնասիրության համար»: