«Քաղաքացի դիտորդ»-ն սկսում է վերապատրաստման դասընթացները
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը «2017 թ. խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում սկսում է դիտորդների վերապատրաստման դասընթացները: «Ընտրական օրենսդրություն և ընտրական գործընթաց» խորագրով դասընթացների ընթացքում ապագա դիտորդները կծանոթանան ընտրական նոր օրենսգրքի դրույթներին, ձեռք կբերեն տեսական և գործնական գիտելիքներ: Առաջին դասընթացները տեղի կունենան Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում: Կոչ ենք անում քաղաքացիներին շարունակել գրանցվել որպես դիտորդ՝ լրացնելով հետևյալ առցանց ձևաթուղթը (http://citizenobserver.am/hy/observers/registration), իսկ վստահված անձանց, հանձնաժողովի անդամների համար նախատեսված դասընթացներին մասնակցելու համար հետևել http://citizenobserver.am/hy/articleView?id=9 հղմանը և լրացնել կից հայտը: Ծրագիրն իրականացնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Ծրագրի նպատակն է համապարփակ դիտորդական առաքելություն իրականացնել 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Նախաձեռնության մասին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2013 թ.-ին. դրա ներկայիս անդամ կազմակերպություններն են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում» և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունները։ Նախաձեռնության նպատակն է դիտորդական առաքելություն իրականացնել Հայաստանի տեղական և համապետական ընտրությունների ժամանակ՝ ապահովելու դրանց համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և ժողովրդավարության միջազգային չափանիշներին։