ՀՀ ՄԻՊ եւ «Կասպերսկի լաբորատորիա»-ն սկսում են երեխաների իրավունքների պաշտպանության ծրագիր
Մարդու իրավունքների պաշտպանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանի եւ Սամվել Զաքարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային միջավայրում երեխաների իրավունքների պաշտպանության, երեխաների և ծնողների՝ Ինտերնետից անվտանգ օգտվելու հմտությունների զարգացման ու անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ համագործակցության ուղղությունները: Համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել «Անվտանգ երեխա» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են համատեղ աշխատանքներ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքի երեխաների իրավունքներին նվիրված էջը կատարելագործելու, երեխաների համար մատչելի եղանակով համացանցից անվտանգ օգտվելու կանոններ մշակելու և երեխաների իրավունքների վերաբերյալ տեղեկավական նյութեր պատրաստելու ուղղությամբ: Երեխաների իրավունքների պաշտպանությունը և նրանց կողմից ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ընթացքում անվտանգության կանոնների պահպանումը կարևոր նախապայման է երեխաների մտավոր, հոգեբանական եւ ֆիզիկական զարգացվածության ապահովման համար: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ