Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անալիտիկ»-ի տնօրենի գործով նիստի օրը հայտնի է

Հասարակություն
20.11.26

«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 2-ին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից: Գործն ընդհատության կարգով  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանից ուղարկվել է Կենտրոնի դատարան եւ մակագրվել դատավոր Արշակ Վարդանյանին: Ըստ մեղադրանքի՝ Անի Հովհաննիսյանը, լինելով «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն, շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ  լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերի շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից  պահանջել է խոշոր չափի`  1 մլն  դրամ գումար: «Անալիտիկ» կայքի տնօրենը մեղադրվում է նաեւ   ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ: Ըստ նախաքննության՝  «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, և նմանօրինակ հրապարակումները չդադարեցնելու ու հետագայում նույնաբովանդակ այլ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով՝ իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300 հազար դրամ: Անի Հովհաննիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: