«Սեր թեւերս» գիրքը հեղինակի 3-րդ ծնունդն է (տեսանյութ)
Ավ. Իսահակյանի անվան գրադարանում այսօր տեղի ունեցավ լրագրող, բանաստեղծ Լուսինե Ղազարյանի՝ «Սեր թեւերս» գրքի շնորհանդեսը:
Սա հեղինակի 2-րդ գիրքն է, որն իր մեջ ներառում է 59 բանաստեղծություն: Գիրքը տպագրվել է ավելի, քան 200 օրինակով:
Շնորհանդեսին այսօր ներկա էին ինչպես մշակույթի, արվեստի, այնպես էլ հասարակական, քաղաքական, ռազմական գործիչներ: Նրանցից շատերն ընթերցեցին բանաստեղծուհու ստեղծագործությունները, եղան երաժշտական կատարումներ. Լուսինե Ղազարյանի որդին՝Արայիկը, գրքի բանաստեղծություններից մեկի հիման վրա գրել էր երգ, որը կատարեց կիթառի միջոցով:
Հեղինակին շնորհավորելու էր եկել նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Իր խոսքում նա նշեց, որ հպարտ է ներկա լինելու գրքի շնորհանդեսին. «Առաջին հերթին ինչի համար՝ այս սեւումութ օրերի մեջ ջերմություն տալու համար, ինչպես նաեւ՝ չհուսահատվելու, ապացուցելու, որ ոչ մի բան չի վերջացել, ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Այն մարդիկ, որոնք չեն դադարում պայքարել, արարել ու ստեղծել, ուրեմն ամեն ինչ դեռ առջեւում է: Ես վստահ եմ, որ մեր երկրում ոչ թե ֆինանսներն են պակասում, այլ սերն ու հույսը»:
Կարեն Գրիգորյանը հեռանալիս չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:
Շնորհանդեսի ժամանակ Լուսինե Ղազարյանը ԵԿՄ վարչության կողմից պարգեւատրվեց «Եռասերունդ երկրապահ» մեդալով. նա՝ որպես լրագրող, հաճախակի է լինում դիրքերում, հանդիպում զինվորներին:
Լուսինե Ղազարյանը միջոցառման ժամանակ անկեղծացավ՝ մինչ լսում էր ներկա գտնվողների՝ իրեն ուղղված դրվատանքի խոսքերը, իր մտքում մի քանի բանաստեղծություն ծնվեց. «Ինձ համար կյանքում ամենակարեւորը ծնունդն է: Կյանքում երեք արարում, ծնունդ եմ ունեցել՝ որդուս եւ երկու գրքերիս: Վերջին այս գիրքս բաղկացած է երեք մասից «Սեր թեւերս», «Գրավադրված երջանկություն» եւ «Իմ հասցեն՝ Մոռացում»: Ինչո՞ւ գրավադրված երջանկություն, քանի որ մարդիկ շատ հաճախ իրենց զգացմունքները զոհաբերում են կյանքում տեղի ունեցող իրական երեւույթներին»:
Գրքի խմբագիրն է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: