Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուն մաքրողների 46 տոկոսը կանայք են (տեսանյութ)

Հասարակություն
sanitek

Ցուրտ ձմեռը  «Սանիտեկ»  ընկերության ղեկավարությանը ստիպել է  մեծացնել աշխատակազմը։ 400 աշխատակիցները օրվա ընթացքում Երեւանում ձյան եւ սառույցի մաքրման աշխատանքներ են իրականացնում։  Ընկերության գլխավոր տնօրենն անձամբ է  հետաքրքրվում, թե  այդ  աշխատանքներն ինչպես են ընթանում. «Ձնամաքրման թիմի աշխատակիցները բաշխված են ըստ Երևանի ճանապարհների, մայթերի և բակերի: Դրանց մեջ է մտնում նաև աշխատակիցների լրացուցիչ թիմը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Սանիտեկ»  ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլը: Նման ցրտի պայմաններում աշխատելիս «Սանիտեկի» շատ աշխատակիցներ հաճախ հիվանդանում են: Հենց սրանով է պայմանավորված աշխատակիցների լրացուցիչ թիմը: Ի դեպ, ընկերությունում կանայք մեծամասնություն են կազմում: «Ադմինիստրատիվ աշխատանքներում կանայք կազմում են 70 տոկոս, իսկ գործառնականում՝ 40-46 տոկոս: Շատ բարձր ենք գնահատում հատկապես  կանանց աշխատանքը, որոնք երբեմն ավելի հոգատար  ու նվիրված են»,-նշում է նա: Լիբանանցի գործարարն առանձնացնում է նաև մեր քաղաքացիների հոգատարությունն աշխատակիցների նկատմամբ։ Քիչ չեն դեպքերը, երբ աշխատողներին տաք թեյ են առաջարկում, նույնիսկ ուտելիք։  Երբեմն էլ օգնում են ձյան մաքրման աշխատանքներ կատարելիս։  Բայց եթե, օրինակ, եվրոպական երկրներում ձյան մաքրման աշխատանքներին մասնակցելը յուրաքանչյուրի պարտականությունն է, ապա Հայաստանում  այդպես չէ: Ինչպե՞ս կվերաբերվեն մեր քաղաքացիները, եթե մեր երկրում էլ նման կարգ գործի «Տան շեմը մենք մաքրում ենք, բնականաբար: Իրենք պետք է անեն, էլի մենք ենք անում, բայց դուրսը ի՞նչ պետք է անենք»,-ասում է մեր հարցմանը մասնակցած մի կին: «Թող համատիրությունն էլ օգնի, բնակիչներն էլ: Հո մենակ համատիրության գործը չէ՞»,-նշում է մեկ այլ կին, իսկ մի երիտասարդ աղջիկ հավելում՝ «Պետության բոլոր գործառույթները անհատներն իրենց վրա են վերցնում, դա էլ վեցնենք, ու՞ր կհասնի»: Թեեւ «Սանիտեկը»  աշխատում է անընդհատ, սակայն քաղաքացիներն ավելին են սպասում. «Աշխատանք կատարում են, ամեն դեպքում, բայց ծայրամասերում՝ ոչ»: «Անընդհատ սղում ենք, ընկնում ենք և այդպես շարունակ»: «Էն կանայք գալիս են, երկաթե ձողերով ծեծում են, բայց որակ չկա աշխատանքի մեջ»,-դժգոհում են քաղաքացիները: «Սանիտեկի» աշխատակիցները  դժգոհություններին ըմբռնումով են մոտենում: Աշխատանքը թեև ծանր է, բայց փորձում են գոհացնել քաղաքացիներին:

Իսկ առաջիկա շաբաթ օդերեւութաբանները կրկին ձյուն են կանխատեսում։   Ավելին՝ տեսանյութով