Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցները թերբեռնված են. վարչապետի առաջարկը (տեսանյութ)

Հասարակություն
gov

Կառավարության այս տարվա առաջին նիստը, ավանդույթի համաձայն, սկսվեց վարչապետի հանձնարարականներով: Սկզբում վարչապետը խոսեց տեղական արտադրության խթանման մասին: Տնտեսական զարգացման ու ներդրումների, Ֆինանսների, Պաշտպանության, Գյուղատնտեսության, Առողջապահության նախարարություններին հանձնարարվեց համատեղ ուսումնասիրել եւ առաջարկություններ ներկայացնել ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինելու վերաբերյալ՝ ըստ առանձին ապրանքների. «Հանձնարարում եմ դիտարկել ներմուծվող ապրանքներին համարժեք ապրանքների արտադրության հնարավորությունները, շուկայական մեխանիզմներով հնարավոր դարձնել եւ ապահովել այդ ապրանքների նկատմամբ պահանջարկը՝ տեղում արտադրության տեսանկյունից ոչ շահավետ և ներմուծվող ապրանքների պահանջարկի կրճատման հաշվին: Դիտարկել նաև այն ապրանքների տեղական արտադրության հնարավորությունը, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը թեեւ շահավետ է եւ դրանք մրցունակ են շուկայում, բայց գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում»: Պետական գույքի կառավարման վարչության պետին գործադիրի ղեկավարը հանձնարարեց  երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ՝ պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման բնագավառում կոնկրետ միջոցառումներ եւ գործուն մեխանիզմներ կիրառելու վերաբերյալ: Ըստ Կարեն Կարապետյանի, դրա  նպատակն է 2017 թվականի կտրվածքով պետական բյուջե մուտքագրվող շահաբաժինների ծավալի ավելացումը: Անդրադառնալով դպրոցներին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Կրթության եւ գիտության նախարարին, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին, մարզպետներին եւ Երեւանի քաղաքապետին ուսումնասիրել դպրոցների շենքային պայմանները: Վարչապետը հորդորեց ամեն ինչ անել, որպեսզի երեխաների կրթական պրոցեսը կազմակերպվի նորմալ պայմաններում. «Արթիկի թիվ 7 հիմնական դպրոցում հնարավորություն ունենք օպտիմալացնելու, նորմալ պայմաններ ստեղծելու: Թերբեռնված են դպրոցները, ունենք դպրոց, որի պայմանները վատ են»,- նշեց վարչապետը: Կարեն Կարապետյանի հանձնարարեց ուսումնասիրությունների հետ ներկայացնել առաջարկություն՝ ոչ բարվոք դպրոցների վերակոմպլեքսավորումը կազմակերպելու կամ այլ հնարավոր լուծումների վերաբերյալ: Իսկ նիստի ավարտին վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց կառավարության անդամներին՝ հիշեցնելով, որ 2017 թվականն աշխատանքային ռեժիմով լինելու է ծանր: Հետո ժպիտով ավելացրեց. «Հանգստյան օրերը շա՞տ չէին, եկեք քննարկենք հասարակության հետ այս հարցը, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»: