Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանը չանդրադարձավ ԵԱՀԿ կոչին. ինչ փուլում է ԼՂ հիմնախնդիրը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
osce

«Կողմերը կրելու են հայ-ադրբեջանական նոր բախման ամբողջ պատասխանատվությունը»,-մի քանի օր առաջ Համբուրգում հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների արտգործնախարարները: Նրանք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ են անում ճկունություն ցուցաբերել եւ վերադառնալ բանակցությունների սեղան: Երեկ Սերժ Սարգսյանը Ղարաբաղում մտավորականների հետ հանդիպմանն այդպես էլ չի անդրադարձել այս կոչին: Օգոստոսի 10-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում էր: Այստեղ նա Վլադիմիր Պուտինին երախտագիտություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում գործադրած ջանքերի համար: Ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսել էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները: Նրանք Երեւանին եւ Բաքվին կոչ էին արել հարգել մայիսին Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում հունիսին ձեռք բերված պայմանավորվածությունները: Վիեննայում Իլհամ Ալիեւը հավաստել էր, որ պատերազմելու նպատակ չունի: Վիեննայում համանախագահները վստահեցրել էին, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, իսկ Սանկտ Պետերբուրգից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարեց՝ եթե որեւէ մեկին թվում է, թե անիմաստ բանակցությունները կշարունակենք եւս 20 տարի, նա սխալվում է: Ավելի ուշ՝ հոկտեմբերին, ռուս լրագրողին Ալիեւն ասում է, որ ԵԱՀԿ համանախագահող երկրների նախագահները ոչ մեկ անգամ են ասել, որ ստատուս քվոն ընդունելի չէ, բայց դրանից գործը չի շահում. «Մենք երբեք չենք համաձայնվի Լեռնային Ղարաբաղի անկախությանը եւ հայկական կողմը դա գերազանց գիտի»: Ադրբեջանի նախագահը վստահեցնում է, որ այսօր էլ Լեռնային Ղարաբաղն անվտանգ եւ ծաղկուն տարածք չէ, Ղարաբաղն այլընտրանք չունի, պետք է նորմալացնի հարաբերություններն Ադրբեջանի հետ: Նույն լրագրողին նոյեմբերին Սերժ Սարգսյանն ասում է՝ 2011-ին մենք մոտ էինք փաստաթղթի ստորագրմանը, որով Հայաստանը նահանջում է բոլոր 7 շրջաններից. «Բայց  ցավոք, Կազանում Ադրբեջանը հրաժարվեց այդ սկզբունքից: -Այսինքն, դուք հանդիպել էիք, որ ստորագրեիք: -Այո, այո, հաշվի առնելով այն, որ երեք երկրների նախագահները համոզված էին, որ կստորագրենք»: Մեկ ամիս առաջ Ղարաբաղի նախագահը ռուսական մեկ այլ լրատվամիջոցի վստահեցրեց, որ քանի դեռ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին, որեւէ արդյունքի հնարավոր չէ հասնել Ղարաբաղի անկախության ճանաչումը միայն ժամանակի հարց է. «Եվ մենք կշարունակենք մեր աշխատանքը հուսալով, որ վաղ թե ուշ միջազգային հանրությունը կճանաչի մեր հանրապետությունը»: Համբուրգում հակամարտության կողմերից ոչ մեկը մեծ սպասելիքներ չուներ: Համանախագահողների երկրներից յուրաքանչյուրը պատրաստ է անձամբ իր մոտ կազմակերպել Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Հայաստանը պատրաստ է նման հանդիպման: Խոսքը Ադրբեջանինն է: