Տնտեսության մեջ հավաքված բացասական գոլորշին ինչ-որ տեղից դուրս է գալու (տեսանյութ)
2017թ. սկսելու ենք տնտեսական վատ ցուցանիշներով՝ բյուջեի հիմքում դրված 3 տոկոս տնտեսական աճ, իսկ տարվա ավարտին այս ցուցանիշը կանխատեսվում է 2 տոկոսից էլ ցածր։ ԱԺ ընտրություններից հետո չեն բացառվում տնտեսական ցնցումները: Մեր տնտեսության հիմնական խնդիրները՝ մրցակցության բացակայությունը, կոռուպցիայի բարձր մակարդակը, հովանավորչությունը, բիզնեսի ու քաղաքականության սերտաճումը, կոսմետիկ միջամտություններով հնարավոր չէ լուծել: Պայմանավորված պետական պարտքի ռիսկայնությամբ՝ 2017թ. Կառավարությունը որոշել է կրճատել ծախսերը՝ թե պետական ապարատից, թե որոշ ծրագրերից, ինչպես նաեւ նվազեցրել միջազգային վարկային միջոցները: Հուսադրող չէ նաեւ ԿԲ այն հայտարարությունը, թե ՀՀ-ում ցածր՝ 0,9 տոկոսանոց գնաճ է: Տնտեսագետների գնահատմամբ՝ այն բացասական գոլորշին, որ այս ընթացքում հավաքվում է տնտեսության մեջ, ինչ-որ տեղից դուրս է գալու: Իրավիճակից դուրս գալու համար խիստ անհրաժեշտ են օտարերկրյա ներդրումներ, որոնք կտրուկ նվազել են մեր՝ ԵՏՄ անդամակցությունից հետո: Մանրամասները՝ տեսանյութում