Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ կորուստներ կունենա Հայաստանը, եթե ուշացնի համաձայնագրի վավերացումը (տեսանյութ)

Հասարակություն
klima

Հայաստանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրում զրկվել է ձայնի իրավունքից: Այսօր Երևանում կայացած՝ «Դեպի Մարաքեշ՝ Հայաստանը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերի 22-րդ նստաշրջանի նախաշեմին» կոնֆերանսի ընթացքում ծրագրի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը նշեց, որ ձայնի իրավունքից զրկվելը ժամանակավոր երեւույթ է: Այն կվերականգնվի, երբ Հայաստանը վավերացնի կոնվենցիայի Փարիզյան համաձայնագիրը: Իսկ ինչու՞ ժամանակին Հայաստանը չի միացել Փարիզյան համաձայնագիրն արդեն վավերացրած մյուս 76 երկրներին: Լրագրողների հետ զրույցում Գաբրիելյանը պարզաբանեց. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը որոշեց, որ այս տարվա ապրիլի 22-ին Նյու Յորքում հանդիսավոր կերպով պետք է բոլոր երկրները վավերացնեն համաձայնագիրը, բայց քանի որ դա ապրիլի 24-ի նախաշեմն էր, Հայաստանը չէր կարող ամենաբարձր մակարդակով, այսինքն՝ նախագահի մակարդակով ներկայանալ»,- ասաց նա՝ միեւնույն ժամանակ նշելով, որ պետք չէ դրանից ողբերգություն սարքել, քանի որ Մարաքեշում կայանալիք՝  կոնվենցիայի կողմերի նստաշրջանում Հայաստանը կմասնակցի դիտորդի դերում, իսկ վավերացման գործընթացն արդեն սկսված է: Նշենք, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նոյեմբերի 4-ից՝ բոլոր այն երկրների համար, որոնք վավերացրել են այն: Փարիզյան համաձայնագրով՝ աշխարհի բոլոր զարգացած պետությունները ստանձնում են կլիմայի փոփոխության զսպմանը նպատակաուղղված հանձնառություններ: Ի՞նչ կորուստներ կունենա Հայաստանը, եթե ուշացնի համաձայնագրի վավերացումը. «Համաձայնագրով զարգացած երկրները պարտավորություն են կրելու զարգացողների նկատմամբ: Եթե մենք չենք վավերացնում, այդ երկրները կուզեն կկրեն պատասխանատվություն, կուզեն՝ ոչ: Այս գործընթացի շրջանակներում կարող են լինել հավելյալ կամ փափուկ դրամաշնորհներ, սակայն եթե երկիրը դեռ չի վավերացրել համաձայնագիրը, ապա կարող են լինել անուղղակի սանկցիաներ: Օրինակ, ասենք, Ֆրանսիան շատ կուզենար ֆինանսավորել այս ծրագիրը, բայց վավերացրած լինեիք, կստորագրեինք եւ այլն»,-նշեց ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգողը: Ըստ համաձայնագրի՝ զարգացող երկրների կողմից, որոնց թվին է պատկանում Հայաստանը, ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման գործողությունները պետք է մեկնարկեն 2020 թվականից: Բոլոր երկրների փոխհամաձայնությամբ որոշվել է զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի (1850 թ.) ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճանից ցածր մակարդակում՝ միաժամանակ ձգտելով չգերազանցել 1,5 աստիճանը: