Բաքվում առաջին անգամ կայացել է «Ֆորմուլա-1»-ի մրցավազք
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այսօր կայացել է «Ֆորմուլա-1» եվրոպական փուլի որակավորման մրցավազքը:
Լավագույն արդյունքը ցույց է տվել գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը, որը վաղը կայանալիք գլխավոր մրցավազքում կմեկնարկի առաջին դիրքից: Նրան կհաջորդեն մեքսիկացի Սերխիո Պերեսը եւ ավստրալացի Դանիել Ռիկարդոն:
Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան լրատվամիջոցները, Ադրբեջանը «Ֆորմուլա-1»-ի եվրոպական փուլը երեք տարի Բաքվում անցկացնելու համար միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիային վճարել է մոտ 150 մլն դոլար: Մրցուղին եւ մնացած ենթակառուցվածքները կառուցելու համար ծախսվել է եւս 90 մլն դոլար:
Ի դեպ, մեկնարկից մեկ շաբաթ առաջ փակվել են մրցուղիին հարող բոլոր փողոցները: Սպորտի նախարարությունը ցածր հարկերում ապրող բնակիչներին եւ խանութների տերերին կոչ է արել պատուհաններին կպչաններ ամրացնել, որպեսզի ավտոմեքենաների աղմուկից դրանք չկոտրվեն: Բացի այդ երկու շաբաթով առաջ են տարվել դպրոցների եւ բուհերի քննությունները:
Ի դեպ, կազմակերպիչները չնայած ամեն ինչ ձեռնարկել են մեկնարկն առանց միջադեպի անցկացնելու համար, սակայն դրանից հինգ րոպե առաջ մրցուղիում կատու է հայտնվել:
