«ՀՕՊ-ը դաշինք է ՆԱՏՕ-ի դեմ. դա ինքնասպանություն է» (տեսանյութ)
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ՀՕՊ համաձայնագիրը մանրուք է համարում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակը նա նշեց, որ դրա վավերացումը կարեւոր չէ. «Միեւնույն է՝ Հայաստանը, որպես դաշնակից, միշտ համաձայնեցնում է իր գործողությունները ՌԴ հետ»,- նշեց նա: Հայրիկյանը գտնում է, որ ՀՕՊ համաձայնագիրը ռազմական դաշինք է ՆԱՏՕ-ի դեմ, քանի որ այն Ռուսաստանի գլխավոր հակառակորդն է: «ՌԴ -ն այսօր իրեն համարում է ՆԱՏՕ-ի հակակշիռ, ռազմական անվտանգության հենարան, սակայն ՆԱՏՕ-ին հակադրվել՝ նշանակում է հակադրվել քաղաքակրթությանը, ՆԱՏՕ-ին հակադրվելն ինքնասպանություն է»,-ասաց նա: Խոսելով Հայաստանի տնտեսության մասին՝ ԱԻՄ առաջնորդը նշեց, որ միայն ժողովրդավարության եւ մրցակցային պայմաններում է հնարավոր զարգացնել տնտեսությունը, սակայն, նրա խոսքով, Հայաստանում ժողովրդավարություն չկա: «Հայաստանն այնպիսի սխալ իրավիճակում է գտնվում, որ ակնկալել, թե առաջընթաց կլինի, որ կրակի վրա ջուր լցնելուց այն ավելի լավ կվառվի, անիմաստ է»,- եզրափակեց նա: