Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Առայժմ Արցախի ճանաչման անհրաժեշտությունը չկա». վարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
varchapet-nkar

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ԼՂՀ կատարած այցից մանրամասներ. «Հանդիպում է եղել ԼՂՀ նախագահի հետ և եղել ենք առաջնագծում։ Կարող եմ ասել, որ սկսած մեր զինվորներից, սպաներից, գեներալներից, քաղաքական գործիչներից, պատգամավորներից, բոլորի մոտ շատ հստակ բարձր վստահություն կար մեր ապագա հաղթանակների համար։ Դա մեզ նաև ոգևորեց։ Քննարկել ենք նաև տնտեսական խնդիրներ, և բոլոր հարցերի շուրջ ձեռք ենք բերել պայմանավորվածություն»։ Վարչապետը մասնակցում էր «Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման առաջընթացի գնահատում և Կայուն զարգացման օրակարգ 2030» զեկույցի ներկայացմանը։ Արցախի ճանաչման վերաբերյալ հարցին պարոն Աբրահամյանն այսպես պատասխանեց. «Սերժ Սարգսյանը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնել է։ Եթե շարունակվեն այդ ոտնձգությունները, պատերազմը, ապա մենք ստիպված կլինենք գնալ այդ քայլին։ Առայժմ դրա անհրաժեշտությունը չկա»։ Իսկ ՀՀ և ԼՂՀ միջև փոխօգնության համաձայնագիրն ինչո՞ւ է ուշանում. «Չի ուշանում, քննարկման, նախապատրաստական փուլում է»,-ասաց վարչապետը։ Թուրքական ապրանքների սահմանափակման վերաբերյալ հարցով էլ նա նշեց. «Մենք որևէ նման խնդիր չենք դրել։ Հետևողական ենք սննդի հարցում։ Հիմա պատկան մարմինները ստուգում են սննդի որակը։ Որևէ խնդիր չունենք քաղաքական՝ սահմանափակելու այդ ապրանքների մուտքը, կառավարությունը նման հայտարարություն դեռ չի արել»։