Վանիկ Ավետիսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց
Հայաստանի ծանրորդներն առաջին մեդալը նվաճեցին Նորվեգիայում տեղի ունեցող Եվրոպայի առաջնությունում: Այսօր երեկոյան մրցահարթակ ելան մեր 69 կգ քաշային ծանրորդները՝ Վանիկ Ավետիսյանը եւ Ռոստամ Կարապետյանը: Պոկում վարժությունում նրանք զբաղեցրին համապատասխանաբար 9-րդ եւ 12-րդ տեղերը: Ռոստամ Կարապետյանը ցածր արդյունք ցույց տվեց նաեւ հրում վարժությունում եւ երկամարտի 293 կգ քաշով գրավեց 11-րդ տեղը: Վանիկ Ավետիսյանը իսկական մենամարտ տվեց ծանրաձողի հետ եւ փորձեց վերադարձնել կորցրածը: Նա բարձրացրեց 175 կգ ծանրաձողը եւ նվազագույնը փոքր բրոնզե մեդալ նվաճեց: Երկամարտում մրցանակային երրորդ տեղը գրավելու համար նա նվազագույնը պետք է սանձահարեր 181 կգ ծանրությունը: Սակայն առաջին մոտեցման ժամանակ մրցավարները տեխնիկական խոտան գտան նրա մոտ եւ չարձանագրեցին քաշը, իսկ երկրորդ դեպքում մեր ծանրորդն այլեւս ուժ չգտավ այն կրկին բարձրացնելու համար: Այդպիսով, Վանիկ Ավետիսյանը 312 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը: