Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական կողմը կարող է մեծ հարված հասցնել Ադրբեջանի տնտեսությանը. ռուս փորձագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
pordzaget-nkar

Ռուս-հայկական ինֆորմացիոն գործակալությանը տված հարցազրույցում ազգությամբ ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններին։ «Կարծում եմ՝ Բաքուն իր առջև խնդիր էր դրել վերահսկողություն հաստատել անվտանգության գոտում՝ մեկ կամ մի քանի շրջանների վրա։ Ռազմական գործողությունների սկիզբը հարաբերականորեն հաջող էր Ադրբեջանի համար, սակայն հետագայում, տանկեր առաջ բերելով, ադրբեջանական կողմն անսպասելի բախվեց այն փաստին, որ տանկերը սկսեցին այրվել։ Ընդհանուր առմամբ, իրենց օպերացիան անհաջող էր. մեծ քանակի զոհված զինծառայողներ կան ադրբեջանական կողմից»,-շեշտել է նա։ Ռազմական փորձագետը խոսել է նաև Ադրբեջանի կողմից կռվող զինվորների մասին. «Տեղեկություն ունենք այն մասին, որ ադրբեջանական կողմից կռվում են նաև թուրք զինծառայողներ, եղել են նաև ուկրաինացի վարձկաններ»։ Պարոն Եվսեևը շեշտել է հանգամանքը, որ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի հեռավորությունը սահմանից այնքան էլ մեծ չէ։ «Ադրբեջանը կարող էր ծանր տեխնիկայով հարված հասցնել Ստեփանակերտին։ Պարզ է, որ հետևանքները շատ լուրջ կլինեին։ Կարծում եմ, որ հայկական կողմը կլիկվիդացներ ադրբեջանական կողմի խողովակաշարերը, որոնք սահմանից հեռու չեն։ Դա վերաբերում է և գազի, և նավթի խողովակներին։ Այսինքն, դա կլիներ հարված Ադրբեջանի տնտեսությանը։ Այդ իսկ պատճառով սպառնալիքները՝ կապված Ստեփանակերտը ռմբակոծելու հետ, իհարկե, սադրանք էին, ինչպես և այն բոլոր գործողությունները, որ կատարվեցին»։ Փորձագետն ուշադրություն է հրավիրել փաստին, որ հայկական կողմը որոշ տեղերում հաջող դիրք ունի՝ բարձր հատվածներում, և կարող էր հարձակում գործել Ադրբեջանի վրա, անցնել սահմանը։ «Այստեղ Ռուսաստանն արեց ամեն ինչ, որ համոզի Հայաստանի և ԼՂՀ-ի Զինված ուժերին՝ պատասխան հարձակում չգործել»։ Խոսելով ՀԱՊԿ դերի մասին՝ նա նշել է. «Կարծում եմ՝ պետք չէ հույս դնել ՀԱՊԿ-ի վրա։ Պետք է հույս դնել ռուս-հայկական դաշնակցական հարաբերությունների վրա։ ՀԱՊԿ-ում կան տարբեր պետություններ, որոնցից մի քանիսը պաշտպանում են Ադրբեջանին»։ Խոսելով երկու կողմերի Զինված ուժերի մասին, պարոն Եվսեևն ասել է. «Եթե համեմատենք Ադրբեջանի և երկու հայկական պետությունների Զինված ուժերը, կարող ենք ասել, որ քանակական, տանկերի առավելություն կա ադրբեջանական կողմից, բայց որակական առավելություն չկա։ Կարծում եմ՝ Ադրբեջանը ռեսուրս չունի՝ երկարատև ռազմական օպերացիաների համար»։