Լեւոն Արոնյանը խաղաղությամբ բաժանվեց Մոսկվայից (տեսանյութ)
Մոսկվայում ավարտվեց շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը: Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանն այսօր կայացած վերջին՝ 14-րդ տուրում, սեւ խաղաքարերով գրոսմայստերական ոչ-ոքի արեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Մեր շախմատիստը վաստակեց 7 միավոր եւ բաժանեց 4-7-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցաշարն ավարտեց 6-րդ հորիզոնականում, ինչի համար պարգեւատրվեց 28 հազար եվրոյով: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանից Սերգեյ Կարյակինը, որը վերջին տուրում հաղթեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանային եւ վաստակեց 8,5 միավոր: Նա միաժամանակ ստացավ 95 հազար եվրո պարգեւ: Սերգեյ Կարյակինն այս տարվա նոյեմբերին Նյու Յորքում կհանդիպի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ եւ կպայքարի շախմատի թագի համար: Մրցաշարի 2-3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Ֆաբիանո Կարուանան եւ Վիշի Անանդը, որոնք վաստակեցին 7,5-ական միավոր: